Home / Հայաստան / Գործադիրի ղեկավարը ճիշտ է համարում ԱԳՆ-ի շենքի վաճառքը

Գործադիրի ղեկավարը ճիշտ է համարում ԱԳՆ-ի շենքի վաճառքը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հանրապետության հրապարակի վրա հայտնվի բարձր միջազգային հատկանիշներին համապատախանող հյուրանոցային համալիր: Այս մասին նա հայտարարել է այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱԳՆ-ի շենքի վաճառքին վերաբերող լրագրողների հարցին: Նշենք, որ վաճառքի մասին հայտարարվել է հոկտեմբերի սկզբին, գնորդը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն է, որը շենքի համար վճարել է 51 միլիոն դոլար:

«ԱԳՆ-ի շենքի հետ կապված այս առաջարկությունը բավական երկար ժամանակ քննարկվել է քաղաքապետարանում: Դեռևս երկու տարի առաջ մենք քննարկում ենք ունեցել քաղաքապետի հետ, թե ինչպիսին պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնը և արդյոք նպատակահարմար չէ, որ մենք ունենանք ևս մեկ հյուրանոց, որովհետև դրա կարիքը, պահանջարկը կա: Երևանը ունենում է լուրջ պրոբլեմներ: Եթե երկու-երեք միջազգային միջոցառում իրականացվում է մայրաքաղաքում, ապա տեսնում ենք, որ հյուրանոցներում լարված իրավիճակ է ստեղծվում, իսկ լավագույն տեղը ներդրողների համար բարձր որակի հինգ աստղանի հյուրանոցների առումով հենց մայրաքաղաքի կենտրոնն է: Եվ այդ ուղղությամբ քաղաքապետարանի կողմից բավական աշխատանքներ են տարվել, և գտնվել է մի ներդրող, որը համաձայնել է մեր պետության մայրաքաղաքի համար շատ շահավետ առաջարկություն ներկայացնել: Դա մի կողմից հնարավորություն է տալիս լուծել արտաքին գործերի նախարարության շենքային պայմանների բարելավման խնդիրը, որովհետև տեղյակ եք, որ այդտեղ ունենք լուրջ խնդիրներ, ինչպես նաև արդարադատության շենքի խնդիրն ենք կարողանում լուծել: Գործարքը բավականին շահավետ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ երկու տեսանկյունից էլ որոշումը ճիշտ է և արդյունավետ: Վարչապետը նաև նշել է, որ Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է, թե կլինեն նաև այնպիսի լուծումներ, որ կբավարարեն քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների  մշակութային պահանջարկը: