Home / Տեսանյութեր / Արդյո՞ք «Հարսնաքարի» գործով մեղադրականը ճիշտ է կազմվել. դատարանում բողոքում են նախաքննության դեմ

Արդյո՞ք «Հարսնաքարի» գործով մեղադրականը ճիշտ է կազմվել. դատարանում բողոքում են նախաքննության դեմ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով նախաքննության անցկացման խնդիրներին վերաբերող երկրորդ դատական նիստը: Նշենք, որ տվյալ վարույթով քննվում է տուժողի ներկայացուցիչների բողոքը գործի փաստերը ուսումնասիրած նախաքննական մարմնի և դրա արդյունքնում կազմած մեղադրական եզրակացությունը ընդունած դատախազ Արթուր Դավթյանի դեմ:

«Երբ նախաքննությունն ավարտվեց, մենք քննչական խմբին ներկայացրեցինք մի շարք միջնորդություններ, որոնք, սակայն, քննիչը մերժեց: Այդ մերժման մասին որոշումը մենք բողոքարկել էինք, բայց, չնայած մեր բողոքներին, դատախազը հաստատեց մեղադրական եզրակացությունը և ուղարկեց գործը դատարան», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի և Վահե Գրիգորյանի համոզմամբ, իրենց միջնորդությունները չբավարարելով, գործը քննելու արդյունքում մեղադրանքը սխալ է առաջադրվել. 6 ամբաստանյալների դեմ մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահ պատճառելու քրեական հոդվածով, մինչդեռ, ըստ կողմի, մեղադրանքը պետք է որակավորվի որպես սպանություն: Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմնի կողմից իրենց միջնորդությունների ընդունումը կարևոր էր, քանի որ դատարանը դրանցից մի քանիսը բավարարելու իրավասություն չունի:

Հիշեցնենք, որ միջնորդությունները վերաբերում էին ռեստորանի համակարգչի, փաստաթղթերի ուսումնասիրմանը, ամբաստանյալների, Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությունների ստուգմանը, ամբաստանյալների դատաձեռաբանական փորձաքննությանը (ստորագրություններ) և այն:

Այսօր դատախազին և հայցվորին լսելուց հետո դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ: Վճիռը հրապարակվելու է նոյեմբերի 16-ին ժամը 15.40-ին:

Միջնորդությունը բավարարելու դեպքում Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործը կարճվելու է և հետ է ուղարկվելու նախաքննության: