1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ նախորդ ամսվա ընթացքում արյան հիվանդություն է հայտնաբերվել: Epress.am-ի հետ զրույցում տղայի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, պատմել է, որ ներկա պահին Արթուրը գտնվում է 8-րդ հիվանդանոցում, վիճակը բավական ծանր է: Երիտասարդի հիվանդության ախտորոշումը կատարվել է մեկ ամիս ուշացումով, մինչ այդ նրա մոտ դեղնախտ էին կասկածում: Քոչարյանը նշել է, որ իր որդին պետք է զորացրվեր նոյեմբերի վերջին:
Այս պահին տղային հարկավոր է բուժումը շարունակել արտերկրում, Մոսկվայի կլինկաներից մեկը համաձայնել է ստանձնել երիտասարդի բուժման համար պատասխանատվությունը: Բուժման գինն է 67 հազար դոլար, որը ծնողները չեն կարողանում գտնել:
Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել ծնողներին հովանավորներ գտնել՝ նշելով, որ իրենք միայն 3 միլիոն դրամի չափով կարող են օգնել:
«Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի «գցեցին»: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասել է զինվորի հայրը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության պատրաստած տեսանյութում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաև նման խնդիրներով:
Զինվորի մայրը դիմել է բոլոր մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով:
Արթուր Քոչարյանի բուժմանն օժանդակելու նպատակով բացվել է համապատասխան հաշվեհամար «ՎՏԲ Հայաստան Բանկում»: Դրամային փոխանցումների համար` 16072015133300, դոլարային փոխանցումների համար` 16072015133301, եվրոյով փոխանցումների համար` 16072015133302, ռուբլիով փոխանցումների համար՝ 16072015133303: