Home / Հայաստան / ՀՀ իշխանությունների գլխավոր երկրպագուն՝ օրվա հերոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ իշխանությունների գլխավոր երկրպագուն՝ օրվա հերոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնողների  շարքերում տարեց մի կին է հայտնվում, ով աչքի է ընկնում երկրի իշխանությունների հասցեին մշտապես գովեստի խոսքեր բղավելով: Նա պարբերաբար ագրեսիվորեն դիմում է նրանց, ով գալիս է այստեղ խնդիրներով: Բանակում զոհվածների հարազատներին նա գոռում է, որ իր տղան ծառայել է և շատ գոհ վերադարձել զինված ուժերի շարքերից, իսկ բնակարաններ կորցրածները, օրինակ, տեղեկանում են, որ 90-անականներին ավելի վատ է եղել: Այսօր նրան հաջողվեց շեղել ուշադրութունը բուն խնդիրներից և դառնալ օրվա տեղեկատվական հերոս:

Կինը գործադիրի նիստերի օրը կառավարության մոտ է գալիս եռագույն շարֆով, ձեռնափայտով, պաստառով, գրեթե միշտ շրջապատված է մի քանի ոստիկաններով, ովքեր ակցիաների ընթացքում զրուցում ու կատակում են նրա հետ:

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ տատին ուղղորդվում է ոստիկանների ու որոշ իշխանավորների կողմից, ովքեր գումարի դիմաց նրան «բերում ու պատվիրում են անվերջ աղմկել»՝ խանգարելով և նյարդայնացնելով ակցիայի մասնակիցներին:

Այսօր՝ հերթական ակցիայի ավարտին, երբ կինը հեռացել է, բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հետևել է նրան ու նկատել, թե ինչպես է կինը մտնում կառավարության ընդունարան, աշխատակցուհուն հանձնում ակցիայի ողջ ընթացքում վզին կախված պաստառը և առձեռն վերցնում 5000 դրամանոցը: Ընդունարանում Ղազարյանը զայրացած պահանջել է կնոջից ասել, թե ինչի համար է վերցրել գումարը: Еpress.am-ի թղթակիցը տեսախցիկով հետևել է Ղազարյանին, ով մտել է ընդունարան՝ պարզելու իրողությունը:


«Ամբողջ ակցիայի ընթացքում գալիս կանգնում է զոհված զինծառայողների ծնողների մոտ ու անընդհատ ինչ-որ հարգանքից է խոսում: Ի՞նչ հարգանք, եթե էս տարիքի կինը հարգանք չունի ու գումարի դիմաց պլակատը վզին կախած պիտի գնա Սերժին գովի, Լևոնին քցի, Տիգրանին գովի, ամոթ ա»,-  արդեն ընդունարանում բողոքել է Ղազարյանը, ինչին ի պատասխան ընդունարանի աշխատակցուհին ասել է, որ ոստիկանություն կհրավիրի:

«Ում ուզում եք կանչեք, ամաչեք գոնե, ոստիկանն՝ ապացույց, կանգնած էր, ինքը լավ տեսավ՝ ոնց եք փողը դնում ձեռքի մեջ, դե թող ասեր, որ էդպես չէ», – հակադարձել է Ղազարյանը:

Ավելի ուշ, երբ զոհված զինծառայողների մայրերը փորձել են հեռանալ կառավարության մոտից, նրանց է մոտեցել զայրացած տատին ու Epress.am-ի թղթակցից պահանջել իր հետ մտնել կառավարության շենք. «Քեզ ասում եմ՝ հետևիցս արի, թե չէ կառավարության մակարդակով տես ինչ կլյաուզա եմ անելու վրեդ»:

Իրավիճակն ավելի է լարվել, երբ մայրերը փորձել են միջամտել: «Ես էլ զոհված ունեմ, հերիք ա, երկիրը չեմ տա ձեզ», – բացականչել է կինը:

Ոստիկանների հարցին՝ «ի՞նչ է պատահել», կինը բղավել է. «Ես գնացի էնտեղ [ընդունարան], որ բան անեմ, էս լրագրողին բերել ա ընդեղ, ասում ա՝ փող են տալիս: Եթե ինձ փող են տվել, իմ էրեխեքին թաղեմ, եթե չէ, կյանքում դու չուրախանաս, սև տարի գա վրեդ»:

Ոստիկանները  հեռացրել են կնոջը՝ թղթակցին հորդորելով ուշադրություն չդարձնել:

«Բանի տեղ մի դրեք, մեզ էլ սաղ օրն անիծում ա, հո կռիվ չե՞նք անելու», – ասել է ոստիկաններից մեկը:

«Մենք միշտ էլ համոզված ենք եղել, որ էդ կինը փողով ա գալիս, հեսա կտանի պլակատը կհանձնի, փողը կվերցնի: Գնաց-մտավ, մուտքի մոտ նստեց, պլակատը չորս մասի ծալեց: Էդ պահին, որ գումարը հանում-տալիս էր, ասացի՝ «այ տականք խուժան, չե՞ս ամաչում, զոհվածի մոր մոտ գալիս կանգնում ես ու սկսում ես աջ ու ձախ գովել: Ինքն իրեն վատ զգաց, որ ձեռքի վրա գումարը՝ որպես ապացույց բռնացրի: Ձեռ չի տալիս՝ սաղ հանցագործների կազմից են: Պլակատը սիրուն ծալեցին-դրեցին, որ հաջորդ հինգշաբթի գա հաչա», – ասել է Ղազարյանը:

Ի դեպ՝ մի քանի շաբաթ առաջ ակցիաներից մեկի ժամանակ Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում տատը պատմել էր, որ ամեն հինգշաբթի կառավարության մոտ է գալիս, որպեսզի «հիացմունքն ու սերն» արտահայտի ներկա իշխանությունների ու ՀՀ նախագահի նկատմամբ: