Home / Հայաստան / ՀՅԴ-ն դեմ է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն. աղբյուր

ՀՅԴ-ն դեմ է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն. աղբյուր

ԲՀԿ նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շուրջ բավական հետաքրքիր իրադրություն է առաջացել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Բանն այն է, որ ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել։ Այսօր ՀՅԴ-ն հանդիպելու է ՕԵԿ-ի, իսկ երկուշաբթի՝ ՀԱԿ-ի հետ։ Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու պլատֆորմով հանդես եկող ՀՅԴ-ն դեմ է Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն։ ՀՅԴ շարքերում, ինչպես ՀԱԿ և ՀՀՇ շարքերում, այդ առնչությամբ լուրջ դժգոհություն կա՝ մի տարբերությամբ, որ ՀՅԴ շարքերում չեն ցանկանում որևէ այլ թեկնածուի, նույնիսկ Վարդան Օսկանյանին պաշտպանել», – նշում է թերթը:

«Հրապարակ»-ի դաշնակցական աղբյուրները չեն բացառում, որ դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ տեղերից ընտրված պատվիրակները հարց բարձրացնեն սեփական թեկնածուով մասնակցելու մասին, և քանի որ ՀՅԴ-ում իսկապես որոշումների կայացման դեմոկրատիկ սիստեմ է գործում, նաև հաղթեն:

Թերթը նշում է, որ թե Հրանտ Մարգարյանը, թե Վահան Հովհաննիսյանը հրաժարվել են թեկնածու առաջադրվել, որովհետև հասկանում են, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում շատ քիչ ձայն կհավաքի, ինչն էլ կուսակցությանն ընդհանրապես լուսանցք կմղի:

«Էլ ավելի անմխիթար կլինի վիճակը, եթե ՀՅԴ երկրորդ էշելոնից թեկնածու առաջադրվի՝ Արծվիկ Մինասյանի կամ մեկ այլ դեմքով։ Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, դա է պատճառը, որ ՀՅԴ-ն սկսել է զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնել, որպեսզի հարկավոր պահին կարողանա ընտրությունները բոյկոտելու, իսկ որ առավել հավանական է՝ չմասնակցելու պատճառաբանություն ունենալ»,– նշում է թերթը։