Home / Հայաստան / «ԲՄՊ-ն, որից արձակվեց արկը, թուրքական էր». Մոնթե Մելքոնյանը և անմար կրակը

«ԲՄՊ-ն, որից արձակվեց արկը, թուրքական էր». Մոնթե Մելքոնյանը և անմար կրակը

Վաղը ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է և այդ առիթով այսօր նրա մարտական ընկերները հրավիրել էին մամուլի ասուլիս, որի ընթացքում պատմում էին Մոնթեի ու նրա հետ անցած համատեղ մարտական ուղու մասին:

Մոնթեի ընկերներից Վովա Վարդանովը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանում հերոսներին հիշում են միայն նրանց ծննդյան ու մահվան օրերին, այդ թվում՝ Մոնթեի դեպքում, վրդովված նշել է, որ Հաղթանակի զբոսայգում վառվող հիշատակի անմար կրակը նույնպես վառվում է առիթից առիթ:

«Ես տեսա որ անմար կրակը մարած է, այդ նույն ձևով մենք վերաբերվում ենք, թե Մոնթեին, թե Լեոնիդին, թե Իջևանցի Սարոյին ու մնացածին: Նրանց մասին հիշողությունը մենք մարած ենք պահում, էկոնոմիա ենք անում: «Հայռուսգազարդն» էլ դե շատ ծանր ֆինանսական ծախսեր է տեսնում՝ օդը խառնելով գազի հետ, կալոիրականություն իջեցնելով, ինքը չի կարող իրեն թույլ տա էդ ծախսը անել, անմար կրակը իրոք անմար պահել», – ասել է Վովա Վարդանովը:

Մոնթեի ընկերներից Վահե Շահմուրադյանը Մոնթեի նկատմամբ ունեցած վստահության ժողովրդի մասին մի դրվագ է պատմել:

«Իր կենդանության օրոք՝ 1993 թվականի փետրվարն էր, մարդիկ բոլորը նրան արդեն գիտեին, և մեզ համար շատ կարևոր էր հանրային կարծիքը: Մենք Մարտունու կենտրոնում խոսում էինք ժողովրդի հետ և նկատեցինք, որ մարդիկ հանգանակություն են կուտակում: Զարմացանք, թե ինչի համար են փող կուտակում, ասացին՝ ուզում են Ավոյի (նկատի ունի Մոնթե Մելքոնյանի – խմբ.) արձանը կառուցեն: Ես իմ լսածին չեմ հավատում, բա ասում եք հայերը մեռելապաշտ են: Ուրեմն ես եկա մեր շտաբ, երբ որ մոտեցա, տեսա, որ Ավոն բարկացած բղավում է՝ ասելով «դուք ալ գող եք, ձեր երեխաներն էլ գող են»: Չարաշահում էին արել, նա էլ դա տանել չէր  կարող: Ես որպես հին ընկեր մոտեցա, ասացի՝ դա այդպես չի, ժողովուրդը քեք գնահատում է, ուզում են արձան կառուցել: Նա ասաց. «Ես չեմ ուզում իմ արձանը կառուցեն, ես ուզում եմ իմ ծրագրերն իրականացնեն»: Նա չէր սիրում, որ իր մասին խոսեն:

Ուզում եմ ասել, որ  հայ ժողոովուրդը միշտ վտանգված է  եղել, բայց գործնական, պետք է ամեն ինչն էլ տեսնել: Տեսան և հավատացին, իր կենադանության օրոք գնահատեցին: Ոչ թե հավատանք, որ փոխենք, ո՛չ: Փոխեք, որ հավատան, հայերը եթե տեսան, շոշափեցին, քեզ կհավատան, կսիրեն», –  ասել է Վահե Շահմուրադյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե, այնուամենայնիվ, ինչպես է մահացել Մոնթե Մելքոնյանը: Ասուլիսի մասնակից, Մելքոնյանի մարտական ընկեր Հովսեփ Հակոբյանն ասել է, որ իրականում դա շատ բարդ հարց է, որովհետև դրա պատասխանը հարյուր տոկոսով դեռ ոչ մեկը չունի:

«Պատերազմը պատերազմ էր, թուրքը՝ թուրք էր: ԲՄՊ-ն, որից արձակվեց արկը, թուրքական էր, բայց ամեն մարդ իր կասկածներն ունի ու ամեն մարդ իր ձևով է մեկնաբանում: Համենայնդեպս, երբ զոհվում է շատ հզոր մարդ, շատ հզոր զորավար, միշտ էլ բոլորս էլ մեղավորություն ունենում ենք, որ նման մարդուն չպահպանեցինք»,- ասել է Հովսեփ Հակոբյանը:

Ասուլիսի վերջում Մոնթեի ընկերները փոքրիկ հյուրասիրություն էին կազմակերպել՝ ի հիշատակ Մոնթե Մելքոնյանի: