Home / Հայաստան / Վարչապետը չի ցանկանում գազի գնի հետ կապված «բացասական ազդակներ» ուղարկել հանրությանը

Վարչապետը չի ցանկանում գազի գնի հետ կապված «բացասական ազդակներ» ուղարկել հանրությանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավարապես, Ռուսաստանի առաջարկը՝ գազի գինը  բարձրացնել մինչև 330 դոլար:

«Չկան այնպիսի հարցեր, որոնց շուջ մենք ունակ չենք պայմանավորվել, և երբեք նման հարցեր չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Ներկա պահին հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, մնում են տեխնիկական դետալներ, որոնք պետք է կարգավորվեն: Կոռեկտ չէ բանակցային գործընթացի ժամանակ հանրությանը ներկայացնել համատեքստից դուրս բերված այս կամ այն դրույթը: Դա սխալ կլիներ: Այդ իսկ պատճառով, երբ մենք կավարտենք բանակցային գործընթացը, ամեն ինչ պարզ կդառնա: Տառացիորեն մոտ ժամանակներս: Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ մենք կավարտենք բանակցությունները», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի համաձայն, գները փոփոխվելու են՝ համաշխարհային շուկայի վիճակը հաշվի առնելով: Դրանք չեն կարող ֆիքսվել հավերժ:

«Փոխվում է համաշխարհային կոնյունկտուրան, գները բարձրանում են կամ իջնում են, և, իհարկե, բանակցող կողմերը պետք է համաձայնության գան գինը որոշելու մեթոդաբանության շուրջ: Այդ դեպքում ապագայում գնի փոփոխությունները ավելի հանգիստ կընկալվեն», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն առաջարկել է սպասել՝ նշելով, որ այս պահին չի ցանկանում բացասական ազդակներ ուղարկել հանրությանը: