ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել են, որ իրենք կողմ են, որ ՀԱԿ խմբակցության առաջարկած մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվի, բայց 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Նշենք, որ այսօր մինչև ԱԺ քառօրյայի մեկնարկը տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Խնդրի շուրջ Epress.am-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Վերջինս նշել է, որ ՀՀԿ-ն նախագծի վերաբերյալ խմբագրական բնույթի առաջարկություններ է արել: Առաջինը՝ նախագծի հիմնավորումների մասից հանեն քաղաքական բովանադակություն ունեցող կետերը, ինչին Գագիկ Ջհանգիրյանը կողմ է, քանի որ, նրա խոսքով, խնդիրն ավելի շատ իրավական հարթության մեջ է: Մյուս առաջարկը կապված է եղել նախագահական ընտրություններից հետո հանձնաժողովը ստեղծելու մասին:
«Ես համաձայնեցի, ինչի՞ համար, որովհետև ճիշտ է՝ մարտի 1-ի նախագծի հեղինակը մենք ենք՝ Կոնգրեսն է, բայց Մարտի 1-ի պահանջատերը մեր ողջ ժողովուրդն է, նախևառաջ այդ տասը զոհերն են, նրանց իրավահաջորդներն են, հարյուրավոր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, հազարավոր հալածյալ քաղաքացիներն են: Եվ ես այսպես ծանր ու թեթև արեցի, թե ո՞րն է ճիշտը՝ պահանջել այս պահին լուծել խնդիրը և դրական եզրակացություն չստանալ, ինչը ավտոմատ ենթադրում է, որ նաև օրակարգ հարցը չի մտնի, թե ստանալ երաշխիքներ հրապարակային մեծամասնության կողմից՝ տրված ԶԼՄ-ների ու մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջ: Քաղաքական մեծամասնությունը ընտրություններից հետո կողմ է լինելու նման հանձնաժողովի ստեղծմանը և աշխատանքին, ինչը ես դրական համարեցի և գնացի այդ փոխզիջմանը», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
ՀԱԿ պատգամավորը նաև նշել է, որ մարտի 1-ի դեպքերի շուրջ ստեղծված անելանելի վիճակը և իրավապահ մարմինների, ոստիկանության, ՀՔԾ-ի, գլխավոր դատախազության ըստ էության անգործությունը, մեծամասնությանը պարտադրեցին գնալ այդպիսի զիջումների:
«Ինչո՞ւ համաձայնվեց ստեղծել: Հիմա ժամկետը դնենք մի կողմ, համաձայնվեց, որովհետև տեսավ՝ անհնար է թաքցնել, քողարկել, կոծկել և Նիկոյանի հանձնաժողովի եզրակաացությամբ կամ ՀՔԾ-ի հանրային իրազեկմամբ փակել մարտի 1-ի խնդիրը: Մենք, ըստ էության, այս խնդիրը նորից թարմացրեցինք, մարտի 1-ը նորից դարձրեցինք քաղաքական օրակարգի եթե ոչ առաջին, ապա առաջնային հարցերից մեկը, և վստահ ենք, որ այդ հանձնաժողովն իր աշխատանքում և արդյունքներում անպայման իր նպաստը կբերի այդ դեպքերի բացահայտմանը: Փաստորեն, իրենք ընդունեցին, որ մարտի 1-ի էջը փակված չի: Որովհետև համաձայնվեցին մեր արգումենտների հետ, որ անհրաժեշտություն կա նաև այդպիսի հանձնաժողով ստեղծելու, ուղղակի խնդրեցին, կամ առաջարկեցին այդ ստեղծման նախաձեռնությունը մի քիչ հետաձգել»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը: