Երեկ ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձաժողովի նիստ է գումարել, որի օրակարգում է եղել ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիմումի քննության հարցը: Դիմումում նշված է, որ թվով 83 պատգամավոր խախտել են պատգամավորական էթիկայի կանոնները՝ նոյեմբերի 21-ին ընդդիմության հրավիրված արտահերթ նիստին չմասնակցելով:
Հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը, ով եղել է բացակաների թվում, նիստից հետո հայտարարություն է տարածել, որում նշել է, թե հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին է ներկայացրել իր դիրքորոշումն առ այն, որ ինքը, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցի Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իր մասով հարցի քննարկմանը չի մասնակցի:
«Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով իր իրավունքները, հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:
Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է», – նշել է Հարությունյանը:
Նա, մասնավորապես, ներկայացրել է օրենքի երկու դրույթներ, որոնք, ըստ Հարությունյանի, կոպտորեն խախտվել են.
«ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը` «Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների … նիստերում»,
բ. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»»:
Հարությունյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն:
Այսօր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հարությունյանի հայտարարությանը:
«Կարծում եմ հանրությունը բավականաչափ կզվարճանա, տեղեկանալով, թե ինչպես եմ քաղաքական հաշվեհարդարի ենթարկում Դավիթ Հարությունյանին, կամ Հայաստանի պատմությունը հարյուրից ավել քաղբանտարկյալներով հարստացրած իշխանության որևէ ներկայացուցչի: Եթե իրադարձություններն այսպես զարգանան, Սերժ Սարգսյանն էլ շուտով թերևս ինձ մեղադրի իրեն հալածել-հետապնդելու մեջ: Էթիկայի հանձնաժողովի երեկվա նիստում իրագործել եմ Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու կանոնադրական պարտավորությունս», – ընդգծել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Դավիթ Հարությունյանը փաստորեն ընդունել է, որ չի կարող իր մասով մասնակցել Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկմանը, սակայն ասում է, որ ինքը կարող է մասնակցել մնացած 82 պատգամավորների հարցի քննարկմանը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր օրակարգում 83 հարց չկար ընդգրկված, որ պարոն Հարությունյանը 82-ի քննարկմանը մասնակցեր, մեկի քննարկմանը՝ ոչ: Տվյալ թեմայի վերաբերյալ եղել է մեկ դիմում, մեկ հարց, դա նաև Դավիթ Հարությունյանի հարցն էր, և ԱԺ Կանոնակարգի 24.4 հոդվածի առաջին մասի ժբ կետի համաձայն պարոն Հարությունյանը չէր կարող մասնակցել այդ հարցի քննարկմանը, ինչը ինքն էլ է խոստովանում: Ի դեպ, որպես հանձնաժողովի նախագահ կարևորելով Էթիկայի հանձնաժողովում մեր գործընկերներ Դավիթ Հարությունյանի և Հովհաննես Մարգարյանի դիրքորոշումը, գտել եմ տարբերակ՝ նրանց տեսակետները առանց Կանոնակարգի խախտման լսելու համար: Երեկվա նիստում մենք ունեինք երկու հարց: Առաջին հարցի ավարտից հետո, և մինչ Արմեն Ռուստամյանի դիմումի հետ կապված հարցի քննարկումը ընդմիջում եմ հայտարարել, և Էթիկայի հանձնաժողովին առաջարկել եմ ընդմիջման ռեժիմում քննարկում ծավալել, որպեսզի և Կանոնակարգը չխախտվի և մենք լսենք մեր գործընկերների դիրքորոշումը: Դե յուրե ընդմիջում համարված այդ հատվածում տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում և երբ բոլորը ասել են իրենց ասելիքը, վերաբացել եմ նիստը և այն վարել Կանոնակարգի տառին համապատասխան: Ես հասկանում եմ, որ պարոն Հարությունյանը սեփական խմբակցությունում կարող է պրոբլեմներ ունենալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործունեության հայտնի դրվագների կապակցությամբ, բայց քանի դեռ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ եմ, բոլորը պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ օրինական, նշանակում է օրինական և ոչ թե այս կամ այն խմբակցությանը ձեռնտու: Էթիկայի հանձնաժողովը կայացրել է որոշում ԱԺ կանոնակարգ օրենքի և սեփական կանոնակարգի համաձայն, և այդ փաստը որևէ մեկը չի կարող հետ շրջել: Միևնույն ժամանակ, որպես Աժ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, քաղաքական գործիչ և քաղաքացի, հարգում եմ կարծիքներ արտահայտելու, ելույթներ ունենալու, նույնիսկ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելու իմ գործընկերների իրավունքը: Այսուհանդերձ, հայտարարում եմ, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումը Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը սկսելու վերաբերյալ կայացվել է օրենքի տառին և ոգուն համապատասխան», – ասել է Փաշինյանը: