Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտել է անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների: Այս մասին հայտարարվել է ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստի ժամանակ:
Ըստ Հանձնաժողովի՝ օրինախախտ ընկերություններն են «Մուշ»-ը, «Ա. Բիլյան»-ը, «Առ Դելիկատես»-ը, «Նատֆուդ»-ը, «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»-ը,«Մարիլա»-ն, «Բաբիկ 90-ը», «Էրեբունի աստղ»-ը, «Հայր և որդի Գալստյաններ»-ը, «Երեմկա»-ն, «Էլիտ Պրոդ»-ը, «Ա. Շիրվանյան և ընկերներ»-ը, «Արտյոմ և Հրայր եղբայրներ»-ը, «Լուման», «Կարինե և Նարինե»-ն, «Նեպտուն Մարը», «Սոս 97»-ը, «Տիրան Ղազարյան»-ը, «Գայան Ջամե»-ն, «Բարի արագիլ»-ը, «Արթուր Հակոբյան» ԱՁ-ն:
Տուգանքների չափերը հաշվարկելիս՝ Հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը:
«Քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին և հետևապես մեծ կարևորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով», – նշված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովի փորձագետները ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում, նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ մանկական անվանումով երշիկների պարագայում:
Հանձնաժողովը նշում է, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:
Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:
Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ:
«Քանի որ Հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա վերոնշյալ փաստերը Հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է», – եզրակացնում է ՏՄՊՊՀ-ը:
Հանձնաժողովը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգում լրամշակումներ անելու վերաբերյալ:
Մասնավորապես, մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է կազմի մսի տոկոսը երշիկի մեջ, կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի: