Երեկ Bourbon St. ժամանցային ակումբի այցելուներից մեկին դուրս են հրավիրել ակումբից այն բանից հետո, երբ մենեջերը տեղեկացել է, որ տղայի մայրը հրեա է: Նրան և նրա ընկերներին անվտանգության աշխատակիցները խնդրել են դուրս գալ: Միջադեպի մասին Facebook-ում ակումբի պաշտոնական էջում գրառում է թողել դեպքի ականատեսներից մեկը:
Միջադեպի մասին մանրամասներ իմանալու համար Epress.am-ը զանգահարել է Bourbon St.: Ակումբի հեռախոսավարը, սակայն, հայտարարել է, որ հեռախոսազանգով իրենք միայն տեղի նախնական պատվերներ են ընդունում, իսկ նման հարցերով ինֆորմացիա հնարավոր է ստանալ՝ Facebook-ում Bourbon St.-ի էջին նամակ ուղղելով: Այսօր առավոտյան էջում թողած մեր հարցմանը ևս պատասխան չի եղել: Հեռախոսավարն ասել է, որ այն, հնարավոր է, կլինի վաղը:
Ինչևէ, բազմաթիվ բողոքներին արձագանքելով՝ Bourbon St.-ի Facebook-յան էջի ադմինիստրատորը հետևյալ մեկնաբանությունն է թողել. «Մենք ռասիզմի դրսևորումներ չենք հանդուրժում: Մենք ձեր մեղադրանքներին լուրջ ենք վերաբերվում, սակայն նաև հասկանում ենք, որ ամեն դեպք երկու կողմ ունի: Մենք ներողությոն ենք խնդրում, եթե երեկ մեր ակումբում թյուրըմբռնում է տեղի ունեցել»:
Դեպքի առնչությամբ մտահոգ մարդիկ, սակայն, նման «թաքուն արված» մեկնաբությամբ բավարաված չեն:
«Ձեր պատասխանը շատ էժանագին է և ցույց է տալիս, որ դուք հարցից լավատեղյակ չեք: Ճիշտն ասած՝ միշտ չէ, որ պատմությունները երկու կողմ են ունենում, այն էլ՝ նման դեպքում: Մենք ձեզանից ոչ թե PR քայլ ենք ակնկալում, «թյուրըմբռնման» անվան տակ հնչեցրած ներողություն, այլ իրական ներողություն ձեր պահվածքի համար: Ավելին՝ բոլոր հիմքերը կան նաև քրեական գործ հարուցելու համար»,- գրել է օգտատերերից մեկը:
Իրավապաշտպաններից մի քանիսը երեկոյան հանդիպում են ունենալու ակումբի ղեկավարության հետ: Իրավապաշտպանները առայժմ հրաժավում են խոսել. ակումբը խոստացել է հրապարակային ներողութուն տարածել:
Լուսանկարը՝ Bourbon St.-ի ֆեյսբուքյան էջից