Home / Հայաստան / «Իսկ նախագահի վրա ո՞վ է ջղայնանալու». «Տարոն, սիրուն չի»-ով հարցերի լուծումը չի բավարարում

«Իսկ նախագահի վրա ո՞վ է ջղայնանալու». «Տարոն, սիրուն չի»-ով հարցերի լուծումը չի բավարարում

Հանքաարդյունաբերական խնդիրների վրա ուշադրություն դարձնելը պայմանավորված է նրանով, որ դրանք ոչ միայն անդառնալի վնասներ են պատճառում բնությանը, այլև այդ ոլորտի կոռումպացված լինելը ճակատագրական է, քանի որ հանքաարդյունաբերական արտադրանքը կազմում է մեր երկրի արհատանման 50%-ը: Այս  մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է բնապահպան ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության աշխատակցի խոսքը՝ նա ասել է, որ  2012 թվականին թեթև հարկերը ավելացվել են, սակայն  փաստացի մուտքերը չեն փոխվել:

«Քաղաքացիական շարժումները նոր են մեր երկրում: Ու հեշտ չէ մեր երկրում գոյություն ունեցող կոռումպացված  իշխանական համակարգի դեմ պայքարել: Ճիշտ է՝ մեզ չի բավարարում «Տարոն, սիրուն չի» ձևով հարցերի լուծումը, մենք պահանջում ենք ասել՝ «սա անօրինական է, ու պետք է պատասխանատուները պատժվեն»,- ասել է Գրիգորյանը:

Նա նկատել է, որ հանքերում պարբերաբար տեղի ունեցող վթարների համար միայն չնչին տուգանքներ են վճարում հանքաարդյունաբերողները, իսկ դեպքերի որևէ քննություն չի անցկացվում, ոչ իրավապահ մարմինները, ոչ առողջապահության նախարարությունը, ոչ բնապահպանության նախարարությունը վթարների քննությամբ չի զբաղվում:

Ըստ իրավաբանի՝ այս ամենի համար պատասխանատվություն պետք է կրի նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Գրիգորյանը հիշել է, որ նախագահը խորհրդակցություններ է հրավիրում ու «ջղայնանում» տարբեր ոլորտներում պատասխանատուների  վրա: «Իսկ իր վրա ով պետք է ջղայնանա՞», – ասել է Գրիգորյանը:

Ակտիվիստ Աննա Շահնազարյանն էլ լրագրողների խնդրանով անդրադարձել է Լոս Անջելեսում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ բնապահպանների հանդիպմանը:

«Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստ է հանդիպել բնապահպանների հետ, մեզ չի բավարարում: Վարչապետը դեռ 2008 թվականին հանձնարարականներ էր տվել ոլորտի պատասխանատուներին, սակայն մինչև հիմա ոչինչ չի փոխվել: Նորից հանդիպելը ի՞նչ իմաստ ունի: Դա մենք միշտ էլ կարող ենք անել: Մենք գործողություններ ենք սպասում վարչախետից»,- ասել է Շահնազարյանը: