Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանը Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի որոշումով դեկտեմբերի 31-ին ազատ կարձակվի: Այս մասին Epress.am-ին ասել է Կարապետյանի փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Անի Թորոսյանը: Նիստը կայացել է այսօր, և երկամսյա կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը մերժվել է:
Նույն դատավորը նախկինում կայացրել էր Կարապետյանին կալանավորելու մասին որոշում՝ մատնանշելով շուրջ 10 փաստաթղթեր՝ վկաների ցուցմունքներ, փորձաքննություններ, որոնք, ըստ Թորոսյանի, գործում չկային: Այդ որոշման մասին փաստաբանի բողոքն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանի հարազատները պատմել էին, որ հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այցելել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանի տուն, խուզարկել են այն, ու Կարապետյանին տարել ոստիկանության բաժին, իսկ մի քանի օրից նրան մեղադրել էին թմրանյութերի իրացման մեջ և նրան երկամսյա կալանքի էին ենթարկել: Կարապետյանի հարազատներն ու պաշտպանը տեղեկացրել էին, որ ոստիկանությունում Կարապետյանին դաժան ծեծի էին ենթարկել: