Home / Հայաստան / Սյունիքի արոտավայրերը Իրանի՞ն. բնապահպանները պարզաբանում են պահանջում

Սյունիքի արոտավայրերը Իրանի՞ն. բնապահպանները պարզաբանում են պահանջում

Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ պահանջելով պարզաբանել այն տեղեկությունը, թե Իրանին Սյունքի մարզում տրամադրվելու են արոտավայրեր:

Հիշեցնենք, որ այդ մասին հաղորդել էր IRNA տեղեկատվական գործակալությունը, որը, հղում կատարելով Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանի խոսքերին, նշել էր, թե նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար:

Մոհհամադիանը նշել է, որ, ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ:

Բնապահպանները նշում են, որ արոտավայրերի մասին հարցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»:

«Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում, եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ: Դուք, որպես պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձինք, պաշտոնապես հերքեք կամ հաստատեք այս տեղեկատվությունը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա խնդրում ենք տրամադրել այդ հավաստող փաստաթղթերի պատճենները և անհապաղ ապահովել հասարակական լսումներ:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ձեզ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության»,- նշված է նամակում: