Home / Հայաստան / «Վատառողջ ևս 6 քաղաքացի է զորակոչվել». իրավապաշտպանները խախտումներ են արձանագրում

«Վատառողջ ևս 6 քաղաքացի է զորակոչվել». իրավապաշտպանները խախտումներ են արձանագրում

ՀՀ Զինված ուժերը շարունակում են զորակոչվելառողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ տպավորություն կա, թե գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը:  Իրավապաշտպանական կազմակերպությունը հրապարակել է 6 զինծառայողների գործեր, որոնք, ըստ բժշկական արձանագրությունների, պիտանի չեն շարային ծառայության, սակայն զորակոչվել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ նրանցից մի քանիսը նախկինում ստացել են տարեկետում, սակայն հիմա նրանց զիորակոչում են, թեև առողջական վիճակը չի փոխվել: Ըստ հաղորդագրության, օրինակ, Ս. Սերոբյանն ունի լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր, Ռ. Սարոյանը ունի կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ, Ա. Դերձյանն ունի գունափոփոխ որքին (մաշկային հիվանդություն), Մ. Բաբաջանյանի մոտ 5 տարեկանից ունենում է ուշագնացության նոպաներ, Կ. Խուբեսարյանը ունի համագործակցված ձախակողմյան շլություն 10:

«Նշված բոլոր քաղաքացիներին զորակոչել առկա խնդիրների պարագայում՝ առնվազն տարակուսանք է առաջացնում թե՛ բուժզննության օրինականության և հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրիանականության տեսակետից: Յուրաքանչյուր դեպքում, զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն,  քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման  վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին ու զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ»,- ասված է ՀՔԱ տարածած հաղորդագրության մեջ: