Հունվարի 10-ին Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 53-ամյա Սերգո Երեմյանը: Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Արա Հունանյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետև մասնատել է դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սերգո Երեմյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արայի քույրը՝ Դիանա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթին պատմել է, որ հունվարի 3-ին Արան տանից դուրս է եկել և չի վերադարձել, ու հունվարի 4-ին ընտանիքը դիմել է ոստիկանություն:
Քույրը լուրջ դժգոհություն է հայտնել Մալաթիայի ոստիկանության քննչական բաժնի անձնակազմից, որոնք, իր խոսքով, եղբորը գտնելու համար մի քանի օր ոչինչ չեն ձեռնարկել:
«Առաջին օրվանից հայրս ասում ա՝ առաջին հերթին Սերգոյին գտեք, իրան էր պահում, առաջին օրվանից նրա տեղը ցույց ա տվել, ու ոչինչ չեն արել, բացարձակ, հեռախոսազանգերի վերծանում չեն արել՝ ոչ ելքերի, ոչ մուտքերի, նոր հունվարի 8-ին արդեն բոլորը (ոստիկանները) հայտնվեցին այգում», – ասել է Դիանա Հունանյանը՝ նշելով, որ եղբոր դին գտել է իր հայրը.
«Հայրս ա ոտքով զգացել, ոտքը կպել է ինչ-որ բանի… ինչ-որ ծառ ա տնկած եղել վրան, գտնվել է փաթեթավորված, մասնատված, իրար կողքի դրված»:
Հայրը չի համարձակվել նայել, թե ինչ կա ճյուղերի տակ, անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Ըստ հարևանների և Դիանա Հունանյանի՝ հետախուզման մեջ գտնվող Սերգոն նախկինում նույնպես մարդ է սպանել և 80-ականներին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Հարևանների պատմելով՝ Արան և Սերգոն բաժակի ընկերներ էին, Սերգոն կին և երեխաներ ունի, բայց բաժանված է: Դիանա Հունանյանի խոսքով՝ երբ Արայի տղան գնացել է բանակ, Արան «պասիվ դեպրեսիայի» մեջ է գտնվել և սկսել է օգնել Սերգոյին: