Home / Հայաստան / Ոչ ինքնահրկիզում, ոչ էլ միտինգ նախագահի նստավայրի մոտ. «Не дождетесь!»

Ոչ ինքնահրկիզում, ոչ էլ միտինգ նախագահի նստավայրի մոտ. «Не дождетесь!»

Հունվարի 24-ի կեսօրին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի վերևի հատվածում, հավաքված մի քանի տասնյակ մարդիկ բողոքելու չէին եկել: Այստեղ հավաքվել էին անշարժ գույքի ռիելթորները, որոնք, լրագրողների հարցերին պատասխանելիս, անպայման նշում էին, որ «սա քաղաքական պայքար չէ, մենք չենք բողոքում, ուղղակի պարզաբանման ենք սպասում»: Համապատասխան նամակն արդեն ուղարկվել էր երկրի ղեկավարի գրասենյակ:

«Չբողոքի» պատճառը «Արտոնագրային վճարի մասին» օրենքնով սահմանված նոր արտոնագրային վճարն է: Սակայն եթե դեռ երեկ անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների և բրոքերների ժողովում որոշվել էր, որ իրենք պահանջելու են չեղյալ համարել նոր արտոնագրային վճարը, ապա այսօր մոտ 40 րոպեանոց հավաքի վերջում լրագրողներին ասացին. «Եթե նախագահականից  պատասխանը դրական էլ չլինի, պիտի ենթարկվենք, վճարենք, աշխատենք: Ով չի կարա, ուրեմն կփակվի: Միտինգային տրամադրություններ, ինքնահրկիզում սպասել պետք չի: Не дождетесь (հույսներդ կտրեք – խմբ.)»:

Աիդա ներկայացած մոտ 45 տարեկան անշարժ գույքի գործակալը, մեքենայի բանալին ձեռքում թափահարելով, բացատրում էր, որ «նախագահ Սերժ Սարգսյանը այս տարիներին անում էր ամեն ինչ՝ մանր և միջին բիզնեսին սատարելու համար, և սա էս կառավարության միակ սխալ որոշումն է»:

«Մենք չենք բողոքում, ուղղակի պարզաբանում է պետք», – չմոռացավ ավելացնել  բիզնես-լեյդին:

Նրանք, ովքեր չցանկացան շփվել «կլյաուզնիկ լրագրողների հետ», խորհուրդ էին տալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ծանոթանալ News.am-ի հոդվածին, որտեղ ասված է, որ հունվարի 23-ին «Ա.Գ.Բորսա» ընկերության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների և բրոքերների ժողովում հայտարարեց, որ իրենք ձգտում են չեղյալ համարել նոր արտոնագրային վճարը, ըստ որի՝ հունվարի 1-ից պետք է ամսական 60 հազ. դրամ վճարեն յուրաքանչյուր աշխատողի համար (մարզերում՝ 10-50 հազ. դրամ): Ա. Պրիբիլսկին ասաց նաև, որ ընդունելի է համարում շրջանառության 5% հարկի կիրառումը:

«ԱՐ-Գո Ռիելթի» ընկերության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանն էլ նույն ժողովում հայտարարեց, որ «թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը ձեռքերը տաքացնի այս հարցի վրա՝ քաղաքականացնելով այն»:

«Կլինեն պրովակատորներ, այնպիսի հարցեր կտան, որ քաշեն քաղաքական խաղերի մեջ, բայց մենք քաղաքական ամբիցիաներ չունենք»,- ասաց Ա. Գոջաբաշյանը:

«Կենտրոն» ընկերության տնօրեն Վահե Դանիելյանը նշեց, որ ռիելթորական գործակալությունների եկամուտները կայուն չեն, ամիսներ են լինում՝ ընդհանրապես եկամուտներ չունեն, իսկ այդպիսի բարձր արտոնագրային վճարը պարզապես կսնանկացնի որոշ ընկերությունների: