Home / Տեսանյութեր / Հղի կինը անկողին է բացել նախագահականի դիմաց. ընտանիքը սպասում է Սերժ Սարգսյանին

Հղի կինը անկողին է բացել նախագահականի դիմաց. ընտանիքը սպասում է Սերժ Սարգսյանին

Այօրվանից նախագահական նստավայրի առաջ անժամկետ նստացույց է սկսել Աշոտ Խուդոյանն իր ընտանիքով՝ պահանջելով, որպեսզի դատախազությունում նոր քննություն սկսեն իրենց տան կտակի գործով: Մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի մոտ Աշոտի՝ 8 ամսական հղի կինը՝  Հեղինեն, անկողին է բացել և դրա մեջ տեղավորվել մինչև 7 տարեկան երեք դուստրերի հետ: Հեղինեն Epress.am-ին ասել է, որ միակ հույսը կապում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս դատաիրավական մարմնի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ 2005 թվականից հետո փակված գործերը պետք է քննվեն:

Հեղինե Մակարյանը պատմել է, որ իրենց բողոքը կապված է իրենց տան կտակի հետ: «Ամուսնուս հայրը տունը կտակել է երեք որդիներին: Ամուսնուս մի եղբայրը Սովետին է հանձել տունը և ստացել է բնակարան դեռ 1990 թվականին: Դրանից առաջ  էլ՝ 76 թվականին՝ ամուսնուս մայրը և քույրը նվիրատվության փաստաթուղթ են ներկայացրել, որով պապը տունը փոխանցել է իրենց, բայց այն կեղծ էր: Բացի դա, այն ուժ չպետք է ունենա, քանի որ պապիկը իր կտակը չի փոխել», – ասել է Հեղինեն:

Նրա խոսքով՝ Աշոտ Խուդոյանն արդեն քանդված տան փոխարեն նորակառույց է հիմնել և դրա վրա աշխատել է 90-ականներից ու հիմա դատարանի որոշմամբ ստիպված է այդ տնից զրկվել: Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք 4 փաստաբան են ունեցել, որոնցից 2-ը «ծախվել են»: Թե կոնկրետ ինչումն է կայացել «ծախվելը», կինը չի մանրամասնել:

Նախագահական նստավայրից փոքր երեխաներով ընտանիքին խնդրել են ակցիան շարունակել  նստավայրի  դարպասներից ներս գտնվող մի տաք սենյակում, սակայն Խուդոյանները հրաժարվել են: «Մենք այստեղ կսպասենք, մինչև նախագահը ընտրարշավից վերադառնա, մեր բողոքը կարդա և մի պատասխան տա»,- ասել է Հեղինե Մակարյանը:

Հիշեցնենք, որ նույն վայրում արդեն 200 օրից ավելի նստացույց է անում Էմմա Սահակյանը, ով նույնպես բնակարան է պահանջում: