16:10 Որոշ ժամանակ անց ոստիկանները բացել են ճանապարհը և թույլ են տվել ակտիվիստներին շարժվել դեպի ԵԱՀԿ-ի շենք, որտեղ է ակցիայի մասնակիցներն իրենջ մոտ իջած ԵԱՀԿ ներկայացուցչին են հանձնել իրենց ծրարը: Դրանից հետո ակցիան ավարտվել է:
14:40 Ակցիայի մասնակիցները որոշել են տեղից չշարժվել այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց նպատակին և ԵԱՀԿ դիտորդներին չհանձնեն իրենց «նվերը»: Ակտիվիստները մտադիր են դիտորդներին հանձնել ծրար, որի մեջ իրենք դրել են ընտրակեղծիքներ պարունակող սկավառակներ և խախտումների մասին հրապարակումներ:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս շարժվել դեպի ԵԱՀԿ շենք. ակտիվիստները պատրաստ են հանձնել ծրարը փողոցում, թեկուզ այն դեպքում, եթե դիտորդներն իջնեն իրենց մոտ:
13.40 Ժամը 13:00-ին ԵԱՀԿ գրասենյակի մոտ (Բաղրամյան 18) մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները հրել ու քաշքշել են ակցիայի մասնակիցներին և լրագրողներին: Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում դիտորդների աշխատանքից և արդեն երրորդ նման ակցիան են կազմակերպում ԵԱՀԿ գրասենյակի մոտ:
Ինչպես ակցիայի վայրից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկաններն այսօր առավել կոպիտ են վարվել ցուցարարների հետ: Ոստիկանները, մասնավորապես, հրել են «Ա1+» հեռուստաընկերության օպերատորին, քաշքշել ու հրել մի քանի ակտիվիստի:
Ոստիկանները պահանջել են անցնել դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ ցուցարարները խանգարում են ԵԱՀԿ-ի շենք ելումուտը:
Ցույցի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանների պահանջը՝ նշելով, որ իրենք 100 հոգուց քիչ են և, համաձայն օրենքի, իրավունք ունեն ակցիա իրականացնել: Ակտիվիստներից մեկը՝ Արգիշտի Կիվիրյանը, ասել է, որ իրական խոչընդոտներ ստեղծում են ոստիկանները, որոնք թվով երկու անգամ գերազանցում էին ակտիվիստների թվին:
Ոստիկանության գործողությունները ղեկավարող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը և գնդապետ Վալերի Օսիպյանը նշել են, որ մարդիկ «պետք է ենթարկվեն իրենց պահանջներին»: Ոստիկանները հրելով իջեցրել են մարդկանց մինչև Չեխովի անվան դպրոց, ապա ասել են, որ ցուցարարները փակում են մուտքը դպրոցի առջև և շարունակել են հրել ու հասցրել են բողոքողներին մինչև Սիրիայի դեսպանատուն:
Ցուցարարները վանկարկել են «Ամոթ, ամոթ», ինչպես նաև նշել են, որ «կաշառակեր դիտորդներին է պաշտպանում ոստիկանությունը, որ վերապատրաստվել է ԵԱՀԿ-ի սեմինարներին»:
«Գրանտակեր ոստիկաններ», – սկսել են վանկարկել հավաքվածները:
Երբ ոստիկանները ցուցարարներին հասցրել են Սիրիայի դեսպանատուն, նրանց կրկին մոտեցել է Վալերի Օսիպյանը ու փոխանցել ԵԱՀԿ գրասենյակի առաջարկը՝ բողոքի ակցիայի մասնակիցների երկու պատվիրակներին ուղեկցել շենք՝ զրույցի համար:
Ակցիայի մասնակիցները չեն համաձայնել առաջարկի հետ: Ցուցարարներից Նարեկ Բաբայանն ասել է, որ իրենք եկել են բողոքի, և երկու հոգու հրավիրելը նպատակ է հետապնդում չխանգարել ԵԱՀԿ դիտորդներին, իսկ ակցիայի նպատակն է խանգարելը: Այդ իսկ պատճառով ակտիվիստները պատվիրակ չեն ուղարկի: Նրանք առաջարկել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչին իջնել և խոսել:
Բողոքողները սկսել են վանկարկել «Չեբուրաշկա», «Փակել եք ճանապարհը որ ինչ անեք»:
Վալերի Օսիպյանը լրագրողներին մեղադրել է ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ՝ նշելով, որ լրագրողները բեյջեր չեն կրում, այդ իսկ պատճառով ոստիկանները նրանց չեն կարողանում տարբերել ակտիվիստներից: Օսիպյանը խորհուրդ է տվել ակցիայի մասնկիցներին նյարդերը խնայել, գնալ եկեղեցի և հիշեցրել է, որ երեկ Ազատության հրապարակում ակցիայի մասնակցին «ոստիկաններն են փրկել» «Ժառանհություն» կուսակցության ներկայացուցիչներից: Օսիպյանը նաև խորհուրդ է տվել ակտիվիստներին մազերը հարդարել, սափրվել՝ ակցիայի գալուց առաջ: