Home / Հայաստան / «Կուզենայի՝ Երևանը բեռնաթափվեր». Շիրակի նոր մարզպետը գնում է աշխատելու

«Կուզենայի՝ Երևանը բեռնաթափվեր». Շիրակի նոր մարզպետը գնում է աշխատելու

Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնը զբաղեցնելու մասին մի քանի օր առաջ է իմացել և նշանակումը նորմալ է ընդունել: ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Ցոլակյանը:  Նա նշել է, որ այդ մարզում դժվարություններ և ժողովրդի իրական վիճակի հետ կապված խնդրահարույց հարցեր շատ կան:

Լրագրողները նորանշանակ մարզպետից հարցրել են, թե ինչպես է նա պատրաստվում դիմակայել կրիմինալին, որը մարզում շատ է: Ցոլակյանը պատասխանել է, որ  կրիմինալի հետ աշխատում են համապատասխան մարմինները, ոչ թե մարզպետարանը:

Խոսելով անօթևան ընտանիքների մասին՝ Ցոլակյանն ասել է, որ բավական հարցեր կան, որոնց մասին ինքը դեռ տեղեկություն չունի և Գյումրի հասնելուն պես պետք է  հասկանա և քննարկման արդյունքում աշխատի լուծել հարցերը, որոնց հնարավոր է լուծում տալ:

«Ես Շիրակից եմ՝ Անիի տարածարջանի Ջրափ գյուղից, և կուզենայի, որ ես իմ մարզում կարողանայի ինչ-որ բան անել: Չեմ կարող ասել՝ ինչու են ուժային կառույցների ներկայացուցիչների նշանակում մարզպետներ, վերջին երկուսը ուղղակի համընկել է (նկատի ունի նախորդ մարզպետ Աշոտ Գիզիրյանին, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը-խմբ.): Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա ես սովորաբար այդպիսի բան չեմ անում, աշխատանքի ընթացքում կորոշվի: Սկիզբը զուտ աշխատանքային կլինի՝ ծանոթություն աշխատողների հետ, իսկ աշխատանքի գնահատականը կլինի որոշակի ժամանակից հետո», – ասել է Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նաև նշել է, որ կուսակցական չէ, մարզում ոչ մի խնդիր որևէ մեկի հետ չունի, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, և Շիրակի մարզ է գնում աշխատելու առաքելությամբ:

Ցոլակյանին հարցրել են՝ արդյոք նշանակումն իր կնոջ և գյումրեցի կանանց համար մարտի 8-ի նվեր էր: Մարզպետն ընդգծել է, որ իր կնոջ համար «հաստատ նվեր չէր», իսկ գյումրեցիների համար՝ նվեր էր:

Խոսելով նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, մասնավորապես, աղքատության խնդրի մասին, Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ այդ ամենի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

«Գյումրիում քաղաքային բնակչություն է, քաղաքային կյանքին սովոր ժողովուրդ են: Գյումրեցին ուզում է ապրել երևանցու նման, գյումրեցին չի ուզում ավելի վատ ապրել, որը և առիթ է տալիս, որ նա դժգոհի իր ապրելաձևից, իր կարգավիճակից: Եթե համեմատենք գյուղերի հետ, չեմ ասում, թե գյուղական բնակավայրերում ավելի լավ են ապրում, բայց գյուղական բնակավայրերում զբաղմունքի հետ կապված ավելի հեշտ է, աշխատելու հնարավորությունները մի քիչ ավելի շատ են,  քան քաղաքում: Ես կուզենայի, որ Երևանը մի քիչ բեռնաթափվեր դեպի Գյումրի, դեպի մարզեր, դեպի գյուղական բնակավայրեր», – նշել է մարզպետը:

Ցոլակյանն ասել է, որ խոստումներ չի տալիս և ժամկետներ չի դնում, բայց ձգտելու է մարդկանց հետ լինել արդար, ազնիվ, և բոլոր հարցերը լուծելու է խորհրդակցությամբ:

«Բոլոր մարդիկ այնտեղ իմ համար հավասար են: Ճիշտ պահվածքի դեպքում բոլորն էլ հավասար են, եթե ինչ-որ սխալ բան կլինի, համապատասխան արձագանք էլ կլինի»,- հավելել է Ֆելիքս Ցոլակյանը:

Լուսանկարը՝ makenas.livejournal.com