2013թ. Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի և Արդարադատության նախկին նախարար Դերմոտ Ահերնը նամակ է հղել ԱՄՆ-ում գրանցված Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին՝ ներկայացնելով իր մտահոգությունները՝ կապված փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետ: Նամակը տարածել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի գրասենյակը:
Նամակում Ահերնը հիշեցնում է, որ իր և Ղազարյանի միջև Երևանից Փարիզ ուղևորվող ինքնաթիռում կայացած խոսակցության ընթացքում ինքը անհանգստություն է հայտնել այն բանի համար, թե ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում և ԸԸՀ-ում, որտեղ ինքը դիտարկում էր իրականացնում:
«Հակիրճ՝ ես և իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք վեց ընտրատեղամաս եւ, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական թիմի ցուցումների, մենք ավարտեցինք դիտարկումը Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում: Այն, ինչ մենք տեսանք 19:00-ից մինչև մոտավորապես 20:00-ը, արվեց ճիշտ:
Նախագահողը և թիմն անցան ձայների հաշվարկին: Այս անգամ ևս ամեն ինչ արվեց համաձայն ցուցումների: Նախագահողը ցույց տվեց բոլորին, այդ թվում նաև մեզ, մեր թարգմանչին, մեր վարորդին, ինչպես նաև գործող նախագահի վստահված անձին ծրարից հանվող յուրաքանչյուր քվեաթերթիկ:
Անմիջապես պարզ դարձավ, որ Րաֆֆին կլանում է ձայները: Սա հարուցեց տեղացի ներկաների զարմանքը: Իրոք, որոշ չափով շփոթեցնող էր այն, որ գրեթե յուրաքանչյուր ձայն Րաֆֆիի օգտին էր: Եզակի դեպքերում, երբ ձայնը տրված էր գործող նախագահի օգտին, որոշ տեղացի ներկաներ թեթեւակի ծիծաղում էին: Եվ այսպես շարունակ՝ գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին: Գործող նախագահի վստահված անձը հաշիվը պահում էր շատ մեթոդիկ կերպով, և ես շատ պարզորոշ տեսա նրա հաշվարկից, որ Րաֆֆին անհամեմատ առաջ էր: Մոտավորապես 21:15-ին ես տեքստ ուղարկեցի իմ ղեկավարին՝ ասելու, որ ձայների 30%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է», – գրում է իռլանդացի դիտորդը:
Նա նշում է, որ հաշվարկի ընթացքում և մինչ իրենց խումբը կլքեր տեղամասը անվավեր քվեաթերթիկները հայտարարվում էին:
«Օրինակ՝ մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր այն պատճառով, որ ընտրողը նշում էր արել բոլոր թեկնածուների օգտին՝ բացառությամբ գործող նախագահի: Մեկ այլ քվեաթերթիկ համարվեց անվավեր, քանզի ընտրողը նշում էր արել, որ քվեարկում է նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուի օգտին: Որոշ քվեաթերթիկներ էլ համարվեցին անվավեր, քանզի այս կամ այն թեկնածուի օգտին նշումը ճիշտ չէր արված կամ քվեաթերթիկում բացակայում էր որեւէ նշում: Իմ հաշվարկով 20:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ մենք գնացինք ԸԸՀ, անվավեր քվեաթերթիկների թիվն անցում էր 10-ը:
ՏԸՀ-ն լքելու պահին մենք համակարծիք էինք, որ ձայների 35%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է: Մենք գնացինք Եղվարդի թիվ 26 ԸԸՀ և ներկայացանք ԸԸՀ թիմին: Այստեղ հաշվարկի տեղի պայմանները հեռու էին կատարյալ լինելուց: Այն բաղկացած էր երկու սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին միջանցքով, ինչը նշանակում է, որ ես մնացի այն սենյակում, որտեղ նախագահը և փոխնախագահն ընդունում էին արդյունքներով եկած ՏԸՀ թիմերին: Իմ գործընկեր Հեդդան մնաց այն սենյակում, որտեղ քարտուղարը մուտքագրում էր տարբեր արձանագրությունների տվյալները:
ԸԸՀ թիմն ինձ հետ քիչ համագործակցեց այն առումով, որ նրանք ինձ, ինչպես նաև իրենց արձանագրություններով եկող ՏԸՀ թիմերին որևէ տեղեկություն չտրամադրեցին: Տարածության պակասը դժվարություն հարուցեց ինձ համար որևէ բան տեսնելու առումով: Ես ստիպված էի տեղեկություն խնդրել ամեն անգամ, երբ ցանկանում էի: Իմ թարգմանիչն ու վարորդը մատնանշեցին, որ թիմն ինչ-որ չափով անհանգիստ է զգում իրեն մեր ներկայությունից:
Երբ եկան թիվ 26/1-ի արդյունքները, ես հատկապես հետաքրքրվեցի և խնդրեցի արդյունքը: Համագործակցության չհանդիպեցի, սակայն իմ թարգմանչին հաջողվեց տեսնել արձանագրությունը: Նա նշեց, որ գործող նախագահը հաղթել է Րաֆֆուն մոտավորապես 382/302 հարաբերակցությամբ: Ես ապշել էի այս ակնհայտ շրջադարձից, որը տեղի էր ունեցել մեր՝ տեղամասը լքելուց հետո: Ես ապարդյուն փորձեցի ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Այնուամենայնիվ, իմ թարգմանիչն ասաց՝ նկատել է, որ արձանագրությունում անվավեր քվեաթերթիկների թիվը զրո է: Սա ինձ ամբողջովին հանկարծակիի բերեց, և ես խնդրեցի իմ թարգմանչին տեղյակ պահել նախագահողին իմ զարմանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մինչև մոտավորապես առավոտյան 3:30-ը, երբ մենք վերջացրինք տվյալների աղյուսակի կազմման դիտարկումը, ինձ հետ քիչ կամ ընդհանրապես չհամագործակցեցին: Ես վերջնականորեն խնդրեցի տեսնել գրավոր վերջնական արդյունքը, սակայն նախագահողը մերժեց: Ես հանդիպեցի իմ գործընկեր Հեդդային, ով գոհունակություն հայտնեց կողքի սենյակում տեղի ունեցածի, այն է՝ տվյալների մուտքագրման կապակցությամբ: Ես առաջարկեցի նրան նախագահողից խնդրել արձանագրության կրկնօրինակը: Նորից, սակայն, նա մերժեց՝ օդում թափահարելով ձեռքերը: Մենք հարցրեցինք՝ արդյոք նրանք հրապարակելու են արդյունքները, և պատասխանը եղավ՝ առավոտյան: Մենք անմիջապես դուրս եկանք: Մենք լրացրեցինք ԵԱՀԿ ձևաթուղթը՝ գիշերվա ընթացքում մշտական կապի մեջ լինելով նրանց հետ:
Ես 32 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով և հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Իմ կուսակցության կողմից ներկայացված լինելով՝ եղել եմ ընտրությունների խորհրդի տնօրեն ազգային և տեղական մակարդակում: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում. տեղի է ունեցել մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ը: Ինչպես Ձեզ հավաստեցի, ես զգում եմ, որ այս հաշվարկը պետք է ամբողջովին վերաքննվի: Ես չեմ կարողացել հասկանալ այն ժամանակ և մինչ այժմ՝ ինչպես կարող են անվավեր քվեաթերթիկները դառնալ վավեր: Լրացուցիչ տեղեկատվության կարիքի դեպքում խնդրում եմ չվարանել եւ կապ հաստատել ինձ հետ»,- գրում է Ահերնը: