Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի գործով Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակել է դատավճիռ, որով անփոփոխ է թողել առաջին ատյանի՝ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը վճիռ էր կայացրել՝ սկեսրոջը՝ Հայկանուշ Միքայելյանին դատապարտելով 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է:
Առաջին ատյանի դատարանի որոշումը չէր բավարարել և հայցվոր, և պատասխանող կողմերին: Գևորգյանի կողմը դժգոհ է գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճռից, որով առանց քննության է թողել բերված քաղաքացիական հայցը (կողմը պահանջում էր բժշկական ծախսերի և բարոյական վնասի փոխհատուցում), իսկ քրեական մասով՝ դատարանի վճիռը, ըստ հայցվորի, ոչ միայն անհամաչափ է կատարված հանցագործությանը, այլև խախտումով է կայացվել: Մարիամի նախկին սկեսուրը և ամուսինը պնդում էին, որ իրենց հայցը պետք էր մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելուց առաջ չի քննել որևէ նոր փաստ, այլ մերժել է երկու կողմերի բերած միջնորդությունները:
Կողմերը մտադիր են բողոքարկել վճիռը վճռաբեկ դատարանում:
Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը պնդում է, որ Վերաքննիչ դատարանը ևս կողմնակալ վճիռ է կայացրել և հաշվի չի առել իրենց բերած բազում փաստերը: Զիրոյանի խոսքով՝ ինքը ունի փաստեր այն մասին, որ չի փակել Մարիամին տանը, չի ծեծել նրան և չի սահմանափակել նրա տեղաշարժման իրավունքը: