Երեկ պաշտոնական տվյալներով ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպում է ունեցել հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների լրագրողների հետ, որոնք հիմնականում հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ են եղել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը հարցեր է ուղղել նրան:
Ինչպես հաղորդում է azatutyun.am կայքը, Թամրազյանը նշել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Նրանք հիմա հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին՝ հանրահավաքային պայքարի տեսքով՝ հարցնելով Սարգսյանին, թե արդյոք վերջինս պատրաստվում է այցելել հացադուլ անող Հովհաննիսյանին Ազատության հրապարակում:
«Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի… Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է երեք հազար մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ՝ երեք հազար մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը. երեք միլիոնի մոտ ենք, երեսուն հազարը` մեկ տոկոս, երեք հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ հրապարակում էլ ասում են՝ ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի և՛ բոլոր բարեգործները, և՛ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:
Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք՝ 2008 թվականին մինչեւ երեսուն հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր երեք հարյուր հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների տասը տոկոսը: Որտեղ տասը տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու՝ մարդկանց ասածների մեջ:
Իմ խորին համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում՝ հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ՝ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը:
Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով՝ մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձեւեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ…
Բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի, ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարեւներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ», – ասել է Սերժ Սարգսյանը՝ հարցնելով Թամրազյանին՝ «իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր»: