Սերժ Սարգսյանը շնորհակալ է Րաֆֆի Հովհաննիսյանին փետրվարին կայացած հանդիպման ժամանակ արված իր առաջարկությունը վերջապես ընդունելու և մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Այս մասին Սարգսյանը գրել է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակում, որով պատասխանել է վերջինիս կողմից արված առաջարկներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգսյանը նշել էր, թե Հովհաննիսյանին առաջարկել է փոխանակվել առաջարկություններով:
«Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք», – գրում է Սերժ Սարգսյանը:
Իր պատասխանում նա հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:
«Մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը», – նշում է Սերժ Սարգսյանը: