Home / Հայաստան / Վերաքննիչը անփոփոխ թողեց «Մատաղիսի» գործով մեղադրյալների արդարացման վճիռը

Վերաքննիչը անփոփոխ թողեց «Մատաղիսի» գործով մեղադրյալների արդարացման վճիռը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչը անփոփոխ է տեղել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ին կայացրած արդարացման դատավճիռը, որով Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանն անմեղ էին ճանաչվել:

Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդար որոշում:

Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում էր ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

9 տարի համառ պայքարից հետո միայն 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց արդարացրել էր: