19:40 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ասել է, որ մայիսի 5-ի ընտրություններն իրենց հերթին, սակայն ապրիլի 9-ը որոշիչ է պայքարի համար, և եթե այն քաղաքական ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, դերակատարում չունենան ապրիլի 9-ին՝ «Աստված իրենց հետ»: Մակեյանը նշել է, որ դիմում է իր ընդդիմադիր գործընկերներին, որոնք ժամանակին եղել են Ազատության հրապարակի հարթակում՝ կոչ անելով ապրիլի 9-ին լինել ժողովրդի կողքին:
19:20 Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա անդրադարձել է իր կուսակից, ապրիլի 2-ին սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին՝ նշելով, որ այսօր հողին են հանձնել «մի մեծ հերոսի, մի մեծ հայի, մի մեծ մարդու»: Ռուստամյանի խոսքով՝ ցավը եռապատկվում է, քանի որ Արցախյան ազատամարտի մասնակից Մուրադյանն ամեն ինչ արեց, որ իր հայրենիքում մարդիկ խաղաղ ապրեն, բայց իր կյանքը հենց հայրենիքում խլեցին:
«Ոչ մի արդարացում, ոչ մի բացատրություն, այլ տիպի մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորստի տեղն առնել: Էս երկիրը էսպես մնալ չի կարող», – հայտարարել է Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն տեսնում է, որ հնարավոր է քնադել իշխանության մոնոլիտը:
«Այսօր թվում է, որ իշխանությունները պատրաստ են բանակցել, բայց դա չի հանգեցնի լարվածության նվազմանը, քանի դեռ իշխանությունները պատրաստ չեն ընդունել խնդիրների ողջ ծավալը: Իշխանությունները մեզ առաջարկում են երկխոսություն, բայց մակերեսային հարցերի շուրջ: Մենք չենք պատրաստվում ներքաշվել անպտուղ երկխոսության մեջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց կարևոր է վերջ տալ նախագահական մոդելին և անցնել խորհրդարանական կառավարմանը, անհրաժեշտ են ընտրական բարեփոխումներ, բայց այնպիսի ձևով, որ վերջ դրվի իշխանության խայտառակ վերարտադրությանը:
«Հետևաբար, եթե շատ հակիրճ ձևակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ: Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով», – նշել է Ռուստամյանը:
Որպես պայքարի մի նոր հանգրվան ՀՅԴ-ն դիտում է մայիսի 5-ը, երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ռուստամյանի կարծիքով՝ այդ օրը մայրաքաղաքում հնարավոր է հաստատել ընդդիմության իշխանությանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում շարժումն այլ լծակ ու նոր լիցք կստանա:
«Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազեցնեն այս ընտրությունների քաղաքական նշանակոթյունը: Հատուկ անտեսվում է այն, որ խոսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացած պետության հիմնական ռեսուրսը», – հայտարարել է Ռուստամյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ընդդիմության հաղթանակը թույլ կտա ցույց տալ, թե ինչպես երկրի մի հատվածում հնարավոր է արդյունավետ կառավարություն կազմակերպել, և դա կդառնա ամբողջ երկրում իշխանափոխության համար պայքարում հզոր միջնաբերդ:
«Ընդդիմությունը հնարավորություն կունենա ցույց տալու, թե ինչպես կարելի է ժողովրդի իշխանությունը, թեկուզև առանձին վերցրած մի տարածքում հաստատելով, հասնել ավելի լավ կառավարման և օրինականության ու կարգուկանոնի հաստատման: Ահա այս պատճառով է, որ ընդդիմությունը, ի հեճուկս իշխանությունների, պետք է կարողանա առավելագույնս քաղաքականացնել այս ընտրապայքարը: Որովհետև սա պայքար չէ ավագանիում մի քանի տեղ ունենալու համար, սա պայքար է ժողովրդին ներկայացնող ընդդիմության իշխանությունը Երևանում հաստատելու համար: Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և ոչինչ դեռ կորած չէ: Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին: Սա հնարավորություն կտա կողմնորոշել և համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և էապես փոքրացնել իշխանության դաշտը: Այսպիսով, քվեարկությունը Երևանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի: Իսկ դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի ուղղակի ընտրությամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով: Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը», – հայտարարել է Ռուստամյանը:
18:45 Այսօր Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարին Հովհաննիսյանը:
Իր ելույթում նա խոսել է հոր մասին, և խնդրել հնչեցրած խոսքերը որպես գովասանք չընդունել: Կարինի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իր հայրը չէ, նա փետրվարի 18-ից հետո պատկանում է ժողովրդին և պայքարին:
Հովհաննիսյան-կրտսերը նշել է, որ ինքը, ինչպես և շատ-շատերը, չի հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն մի նամակ է գտել, որը իրեն օգնել է շատ բան հասկանալ:
Նա ներկայացրել է 1970 թվականի մայիսի 26-ին Գասպար Հովհաննիսյանի վերջին նամակն իր թոռանը՝ 10 տարեկան Րաֆֆիին:
Նամակում Գասպար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Ձեր սերունդն իր աշխատանքով պիտի տիրանա մեծ Հայաստանին, ուր պիտի բնակվեն բոլոր հայերը»:
Կարինի խոսքով՝ սա ոչ թե Գասպարի նամակն է Րաֆֆիին, սա ամեն հայ պապի նամակն է յուրաքանչյուր հայ թոռանը:
«Այս նամակն այսօր տեսնում է Ազատության հրապարակ, սա պայմանագիր է՝ կնքված բոլոր սերունդների միջև, որը ասում է ՝ «Մենք չենք հանձնվելու»: Չկասկածեք հայ ժողովուրդ, մենք պայմանավորված ենք պատմության հետ, մենք ժամադրված ենք ճակատագրի հետ: Ես հասկանում եմ իմ հորը, ես հասկանում եմ, որ ունի պատասխանատվություն ոչ միայն ձեր առաջ, այլ նաև իր պապերի առաջ, որ կարող էին միայն երազել այս հրապարակի մասին: Ես լիազորված եմ ասել բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտերլ, այս ժողովրդին չեք կարող կոտրել, չեք կարող կոտրել այս երազանքը, որի անունն է Հայաստան», -ասել է Կարինը:
18:35 Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել բանակում խաղաղ պայմաններում զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, ում հետ միասին հարթակ են բարձրացել իրենց որդիների մահվան դեպքերը բացահայտելու համար պայքարող այլ մայրեր:
Անահիտ Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ իրենց բողոքի խոսքն են բերել Ազատության հրապարակ և իրենց դժգոհությունն են հայտնում Հայաստանի երեք նախագահներից էլ:
«Ո՞ւր մնաց 1988թ. ազգային զարթոնքը, երբ գործում էր «մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը: Ի՞նչ են մտածում Ազգային անվտանգության ծառայութունը, նախկին նախագահները, Պաշտպանության նախարարությունը, երբ սկսած 1995 թվականից՝ սպանվում են զինվորներ», – ասել է Անահիտ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մատների վրա կարելի է հաշվել այն գործերը, որոնք օբյեկտիվ քննվել են, մինչդեռ «մեր որդիներին սպանած վիժվածքները անպատիժ քայլում են մեր կողքով»:
«Փակ համակարգում սպանում են մեր զինվորներին ու մեզ թողնում մեն-մենակ մեր վշտի հետ», – ասել է զոհված զինվորի մայրը և կոչ արել բոլոր մայրերին միանալ Ազատության հրապարակի պայքարին:
Անահիտ Մկրտչյանը, պարզելով Սերժ Սարգսյանի նկարը, ասել է, որ երկու տարի առաջ զոհված զինվորների մայրերին հանդիպել է «Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը» և հավաստիացրել, որ կապահովի գործերի արդար քննություն, սակայն, Մկրտչյանի խոսքով, ոչ մի հանցագործ չի պատժվել:
18:30 Հանրահավաքին ելույթ ունեցած գրող Արտաշես Արամը նշել է, որ հայ ժողովուրդը ապացուցել է, որ, չնայած բռնությանն ու կեղծիքին, հայ մարդը իր արժանապատվությունը չփոխեց ոչնչի հետ:
«Րաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է» կոչը հրաշք ձևով անցավ մարզից մարզ, գավառից գավառ, ու հայ մարդն արթնացավ պաշտպանելու իր արժանապատվությունը», – ասել է գրողը:
Արտաշես Արամը հարթակից հնչեցրել է իր «Հայաստան» բանաստեղծությունը, որը, նրա խոսքով, նվիրել է Րաֆֆի Հովհաննիսյանին դեռևս 2007թ.:
18:20 Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքը մեկնարկել է «Նոր Հայաստանի հիմնով», որը կատարել է երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ընդգրկված է «Բարև Երևան» դաշինքի ցուցակում: