Շուրջ 1,5 տարի ամեն ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող հաշմանդամ օդաչուներն այսօր կրկին նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել պահանջով՝ վերականգնել իրենց սահմանադրական իրավունքները: Epress.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ Բաղրամյան 26 են սկսել գալ այն բանից հետո, երբ վերջնականապես համոզվել են, որ կառավարությունն իրենց ոչինչ չունի ասելու:
Հաշմանդամ օդաչուները բողոքում են, որ աշխատանքի ընթացքում ստացած վնասվածքների համար որևէ փոխհատուցում չեն ստացել:
«Կառավարությունը մեզ ոչ ընդունեց, ոչ խոսեց, առավել ևս՝ ոչինչ չխոստացավ:Մեր գործադիր մարմնի ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը, ջայլամի քաղաքականություն վարեց, իսկ նախագահականում գոնե հույսեր են տալիս», – նշել է ակցիայի մասնակից «Հաշմանդամ օդաչուներ» հ/կ-ի նախագահ Դավիթ Դավթյանը:
Նրա խոսքով՝ իրենց միակ հույսը ապրիլի 16-ին կայանալիք աճուրդն է, որի ընթացքում վաճառքի են հանվելու «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող հողերը, ինչի արդյունքում ստացված գումարներն էլ բաժանվելու են իրենց:
««Հայկական ավիաուղիները» Սևանա լճի ափին 26,7 հա հողատարածք ուներ և դրանք օրինական պատկանում էին այս ընկերությանը: Սնանկություն գործընթացը որ սկսվեց, 2008 թվականի հունվարի այս հողերից 18 հա վաճառեցին ու մեզ գումար տվեցին, ինչպես նաև վերոնշյալ ընկերության մոտ 400 օդաչուներին: Խոսքս մնացած հողատարածքի մասին է, որն էլ աճուրդի է դրվելու ապրիլի 16-ին», – նշել է Դավթյանը:
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ չգիտեն՝ ինչո՞վ է ավարտվելու աճուրդը:
««Հայկական ավիաուղիները» սնանկ դարձան այն պատճառով, որ 2003 թվականի մարտի 27-ին 331 ա որոշմամբ պետությունը 5 միլիոն դոլարով այս ընկերության բոլոր չվերթները վերցրեց ու տվեց «Արմավիային»: 10 տարի է՝ դատարաններում ենք ու ասում ենք, որ մեր տերը պետությունն է, ասում են՝ չէ: Ասում ենք՝ բա չվերթներն ո՞ւմն են, ո՞վ վերցրեց, ինչի՞ 1 տարի հետո դարձան սնանկ: Հիմա էլ բոլորը գրում ու ասում են՝ «Արմավիան» ոչինչ չունի, չվերթներն էլ իրենը չեն: Այսինքն՝ այն, ինչ դատարանները հերքում են մինչ օրս, կառավարությունն ասում է՝ իրենն է, մենք էլ ասում ենք, որ մենք էլ քոնն ենք, չէ՞ որ չվերթների հետ է մեր բախտը կապված. չվերթը փող արժե: Դուք 5 միլիոն տվեցիք, իսկ այսօր դուք ուզում եք 300 միլոիոն դոլարով ծախել չվերթները: Էս ի՞նչ կատարվեց, ասեք հասկանանք»,- եզրափակել է Դավթյանը: