Home / Հայաստան / Իրավունք չունեն ծաղրել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր սխալների և կեղծ ընդդիմության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Իրավունք չունեն ծաղրել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր սխալների և կեղծ ընդդիմության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ով հանդգնում է քաղաքական դիակների մասին խոսել, պետք է չմոռանա, որ հայ ժողովուրդը երբեք դիակ չի դառնա և այն հաղթանակ է տանելու՝ առանց որևէ կաթիլ արյուն թափելու և «ի կատար ենք ածելու տված երդումը մինչ Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել և Երևան»: Այս մասին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընդունել է, որ ապրիլի 9-ին ժողովուրդը սխալ է հասկացել իր նախաձեռնությունը՝ Բաղրամյան պողոտայով գնալ դեպի Ծիծեռնակաբերդ:

«Ես կարող եմ շատ սխալներ գործած լինեմ, բայց մի բան խոստացա՝ հաղթանակը տանելու եմ ձեզ հետ միասին, և ոչ մի արյուն չի լինելու»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդը կների իրեն, սակայն չի ների կեղծ իշխանության, կեղծ ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր փորձում էին ժողովրդին արյան տանել:

Հովհաննիսյանը ամոթանք է տվել նրանց, ովքեր ապրիլի 9-ին ներկա չէին ժողովրդի կողքին, կուսակցական գրասենյակներում էին և փորձում էին օգտվել իր մի ժամվա բացակայությունից: Նրա խոսքով՝ իրեն տանը քննադատողները իրականում կեղծ ընդդիմություն են, և նրանք ու ներկա իշխանավորները «նույն սորտն են»:

«Մեկը եկավ թամաշայի համար, մյուսը եկավ, որովհետև իր տան մեջ նստած մտածում էր հայրենիքի հավաքական սերը օգտագործեր, ժողովրդի ուսերի վրայով գնար իր ծրագիրն աներ: Բայց իրենք չհասկացան, որ գործ ունեն ոչ միայն Րաֆֆու, այլև հայ ժողովրդի հետ: Ոչ մի դասալիք, ոչ մի օրինախախտ չենք ընդունելու, ունենալու ենք հաղթանակ առանց որևէ կաթիլ արյան: Պարոն Սերժ Սարգսյան, հայ ժողովուրդը չի ընդունում այդ պաշտոնը, այդ գրասենյակը, այդ կեղծ երդումը, այդ տեղը, որտեղ նստել եք դուք, պատկանում է հայ ժողովրդին: Եվ դա պետք է դառնա կենտրոնակայանը: Այս իշխանությունը հրաժարական է տալու, կեղծ ընդդիմությունն էլ հրաժարական է տալու, որովհետև հաղթել է Հայաստանի քաղաքացին»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա հերթական անգամ կոչ է արել իջեցնել կուսակցական դրոշները և միասին կերտել հաղթանակը, և այդ հաղթանակը պետք է ճանաչեն Պուտինը, Օբաման, Բարոզոն:

«Այն, որ 20 տարի պայքարել ենք, առաջ Մանուկյանը, ապա Դեմիրճյանը (Կարեն), նորից Դեմիրճյանը (Ստեփան), Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ ամենը մեր ժառանգությունն է, սակայն ժամանակն է, որ տուն-տունիկից դուրս գանք և հարգենք ժողովրդի որոշումը»,- ասել է Հովհաննիսյանը:

Հետագա ծրագրերի մասին խոսելով՝ նա ասել է, որ անցնելու է համաքաղաքացիական շարժման, վերսկսելու է այցերը մարզեր, իսկ հաջորդ ուրբաթ օրը «Անի» հյուրանոցում կազմակերպելու է քննարկում, որի ընթացքում կերտվելու է հավաքական թիմ, որը տանելու է համակարգված պայքար: Նա կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ և այդ օրը ազգային օրակարգ ձևավորել:

Նա նշել է, որ ապրիլի 24-ին ժամը 12-ին հավաք է լինելու Ազատության հրապարակում, ապա տեղի է ունենալու երթ դեպի Ծիծեռնակաբերդ, որից հետո կրկին կվերադառնան հրապարակ:

Հանրահավաքի ավարտին Հովհաննիսյանն ասել է, որ ակնկալում է, որ մինչև հաջորդ ուրբաթ ամեն մեկը, իր ինքնասիրությունը հաղթահարելով, իր օրինակով, սեփական սխալից դուրս կգա ու կմիանա պայքարին:

«Ինձ հետ երդում տված քաղաքացիներ, ոչ մեկ իրավունք չունի մեզ ծաղրելու: Ով դեմ կանգնեց ժողովրդին, տաքուկ անկյունից իր կուսակցական մանր շահը ապահովեց, ժողովուրդը չի ներելու: Արյունը բացառեցինք, սխալն ընդունեցինք, ու հետայսու հաղթանակը մերն է», – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը: