Home / Հայաստան / Ինչու էր ճիշտ Բաղրամյան գնալը. ՀԱԿ նախկին անդամը՝ ապրիլի 9-ի և ընդդիմադիրների «հրճվանքի» մասին

Ինչու էր ճիշտ Բաղրամյան գնալը. ՀԱԿ նախկին անդամը՝ ապրիլի 9-ի և ընդդիմադիրների «հրճվանքի» մասին

Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտա գնալը հոգեբանական առումով ճիշտ որոշում էր: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հայտարարել է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ «ինչ էինք սպասում ապրիլի 9-ից և ինչ ստացանք»:

Մակեյանն ասել է, որ բոլորը՝ անգամ իշխանությունը, խոսում է փոփոխությունների մասին, բայց ժողովուրդն այդ փոփոխությունը տեսնում է վարչախմբի հեռացումով:

«Ապրիլի 9-ին ժողովրդի մի մասն ասում էր՝ «հիմա»: Պրակտիկայում դա իրականացնելը բարդ է, բայց հնարավոր է, օրինակ, եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 500 հազար մարդ հավաքվի հրապարակում: Նման դեպք եղել է 2008-ին, բայց ընդդիմությունը չկարողացավ կամ չուզեցավ վերցնել իշխանությունը», – ասել է Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով՝ մեծամասնությունը հասկանում է, որ ապրիլի 9-ին դժվար էր վարչախմբից ազատվել:

«Մենք գալիս ենք պայքարելու և հիմնաքարը դնելու, որ հեռացնենք վարչախմբին: Կա միմինում և մաքսիմում ծրագիր: Այդ օրը դուք կատարեցիք մինիմումից մի քիչ ավելի: Առավոտյան երդման արարողությունը տեղի ունեցավ, որով ժողովուրդը տարանջատվեց վարչախմբից: Դա անհնազանդության երդում էր: Իսկ իշխանությունը երդվեց քաղաքի կենտրոնից հեռու՝ վախեցած, սարսափած», – ասել է Մակեյանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 9-ին ժողովրդի մի մասը կարողացավ Րաֆֆի Հովհաննիսյանին պարտադրել քայլ կատարել՝ գնալ Բաղրամյան:

«Իմ կարծիքով՝ քայլը ճիշտ է, վտանգավոր էր, բայց կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ տարիներ շարունակ Բաղրամյանի վրա տաբու էր դրված: Վարչախումբը տեսավ, որ Մարտի 1 տեսած ժողովուրդը չի վախենում», – ասել է ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով՝ այդ օրը նա ևս մեկ կարևոր հետևություն արեց՝ վարչախումբն ընդունակ է մեկ անգամ էլ Մարի 1 կազմակերպել: Մակեյանը խոստովանել է, որ կարծում էր, թե Մարտի 1 կարող էր կազմակերպել միայն Քոչարյանի տեսակը, սակայն իրականում համակարգն է այդպիսին:

Կարևորելով Բաղրամյան գնալը՝ Մակեյանն ասել է, որ միակ թերացումը տեխնիկական առումով երթը կազմակերպելն էր: Նա հիշեցրել է, որ այդ օրը ժողովրդի մի մասը գնաց Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից, մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում: Ըստ Մակեյանի՝ դա էլ դրական արդյունք տվեց, քանի որ, եթե բոլորը մնային, բախումը կարող էր անխուսափելի լինել:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սխալները ներելի են, քանի որ նա այդ օրը առաջին գծում էր իր ընտանիքի հետ:

Մակեյանն անդրադարձավ նաև ապրիլի 9-ի իրադարձություններին՝ ոչ իշխանական ուժերի արձագանքին: Նա անընդունելի է համարել այն, ինչ արվեց «ընդդիմադիր մամուլի կամ այլընտրանքային ուժերի կողմից»:

«Հրճվում են այն սխալներից, որ տեսան: Բայց չէ՞ որ ժողովուրդը նույնն է: Դուք էլ եք եղել հարթակին, չպետք է հրճվեիք, պետք է լինեիք ժողովրդի կողքին», – ասել է Մակեյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրել է, որ եթե այդ մարդիկ հարթակին չեն կանգնում, ապա գոնե ժողովրդի հետ պիտի լինեն, այլ ոչ թե համակարգիչների առջև: