ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու հարցով քրեական գործ հարուցելու համար նյութեր են պատրաստվում: Epress.am-ի հետ զրույցում փաստաբանը պատմել է, որ իրեն և իր պաշտպանյալին սպառնացել են ապրիլի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Միջադեպը գրանցվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի ժամանակ: Մեղադրյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ նախկին քաղաքապետի կողմնակիցներն իրեն սպառնացել են՝ ասելով «դահլիճից դուրս գաս, գլուխդ կպոկենք»:
Սահակյանի խոսքով՝ սպառնալիքն աննկատ է մնացել դատարանի կողմից, և միայն միջնորդությունից հետո է դատարանը սպառնացողներին դուրս հրավիրել: Ըստ փաստաբանի՝ սպառնալիքները նպատակ են ունեցել ազդել մտավոր հետամնացություն ունեցող վկայի վրա և վախացնել նրան, որպեսզի վերջինս իրենց համար ցանկալի ցուցմունքներ տա:
Նշենք, որ «նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները» դատապարտվում են քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածով և նախատեսում են մինչև 2 տարի ազատազրկում:
Լուսանկարը՝ 168.am