Պռոշյան գյուղի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի (լուսանկարում) սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյաններին:
Գյուղացիներն ավելի վաղ հավաքվել էին Պռոշյանի գյուղապետարանի մոտ, այնուհետև ոտքով շարժվել դեպի Աշտարակ-Երևան մայրուղի՝ սպառնալով փակել ճանապարհը, ինչը ոստիկանները նրանց թույլ չեն տվել անել:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ եղբայրները հանցագործ չեն և անհիմն են կալանավորվել, և պահանջում են ձերբակալել իրական մեղավորներին:
Երեկ Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Իր նամակում Արշալույս Պետրոսյանը նշել էր, որ Պռոշյան համայնքի ճնշող մեծամասնության համար անհասկանալի է, թե իր որդին ինչ առնչություն կարող է ունենալ սպանության հետ:
ՀՀ ոստիկանությունը, իր հերթին, պնդում է, որ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա դատաքիմիական փորձաքննությամբ «հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր»: