Լեռնային Ղարաբաղում երեկ զոհված զինծառայող 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանը մահացել է հրազենային մի վնասվածքից. այն հասցվել է կոկոդից, գլխի առանցքի համեմատ՝ դեպի վերև: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով մասնակցում էր դատաբժշկական փորձաքննությանը:
Նրա խոսքով՝ զինվորի մարմնի այլ մասերում բռնության հետքեր չկային. մահվան պատճառը 7/62 АКР ինքնաձիգով արված կրակոցն է եղել: Այս պահին, փորձագետի խոսքով, հնարավոր չէ ասել՝ տղան ինքնասպա՞ն է եղել, թե նրան սպանել են:
Ռուբեն Մարտիրոսյանը պատմել է, որ Րաֆֆիի հոր՝ Լևոն Մարաշլյանի խոսքով՝ որդին վերջերս ամեն օր զանգում էր տուն և խոսում իր ունեցած խնդիրներից, սակայն վերջին չորս օրվա ընթացքում նա չէր զանգել: Ընտանիքի անդամները մտածել են, որ կամ դիրքերում նրա հեռախոսի մարտկոցն է նստել, կամ հեռախոսը ձեռքից խլել են:
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ կասկածանքի տեղ է տալիս հրամանատար Գրիգորյանի՝ երեկ արած բանավոր հայտարարությունը այն մասին, թե դեպքը երբ է պատահել: Նրա պատմածի համաձայն՝ դեպքը պատահել է, երբ 10 զինվորներ իրենց հերթափոխը ավարտելուց հետո դուրս էին գալիս խրամուղիով, որի դիմաց նրանց սպասում էր ավտոմեքենա: Գրիգորյանի խոսքով՝ զինվորները իրարից 40 մետր հեռավորություն վրա են եղել խրամուղիում: Ռուբեն Մարտիրոսյանը նշել է, որ զինվորները գետնախցիկից դուրս գալով են գնում ավտոմեքենայի մոտ, որը գտնվում է շատ մոտ խրամուղուն, ուստի հնարավոր չէ 10 հոգի իրարից 40 մետր հեռու լինեն:
Փորձագետն ասել , որ, հավանաբար, երկուշաբթի ինքը այլ փաստեր կհայտնի ԶԼՄ-ներին՝ այդ թվում նաև գործով քննիչ Իգիթյանի մասին: