Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ակտիվիստների գործողությունները 4 անգամ խոչընդոտվել են բռնության գործադրմամբ: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է երեկ Աջափնյակում գրանցված միջադեպին:
«Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում՝ առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որևէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որևէ խոչընդոտի չեն հանդիպել:
Վարչախումբը խուճապի մեջ է, և այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ», – նշում են հայտարարության հեղինակները։
Նրանք ընդգծում են, որ վարչախմբի խուճապը վկայություն է նաև այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։
«Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչև հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերևից, և, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին», – հայտարարությունը եզրափակում է Կոնգրեսը: