Home / Տեսանյութեր / «Արմավիայի» տեղի համար առայժմ որևէ ընկերություն չի դիմել

«Արմավիայի» տեղի համար առայժմ որևէ ընկերություն չի դիմել

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն չի դիմել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության հետ զրույցում ասել է քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը, որով այդ ընկերությանը բացառիկ իրավունքով հանձնվել էին օդային որոշ ուղղություններ: Արդեն շուրջ 4 օր է, ինչ այդ ուղղությունների հարցն առկախ է մնում:

Գործակալությունը հիշեցնում է, որ քաղավիացիայի վարչությունը «Արմավիայի» տեղի համար նոր մրցույթ չի հայտարարել, սակայն այստեղ սպասում են ավիաընկերությունների կողմից դիմումների:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ավիափոխադրումների շուկայի մասին նոր որոշման հավանականությանը, ապա քաղավիացիայի մամուլի քարտուղարն այս հարցի շուրջ որևէ նոր տեղեկություն չի հայտնել:

Այսօր կառավարության նիստի օրակարգում նախատեսված էր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ներկայացմամբ հարց, որը սակայն, կառավարությունը լսելու էր «գաղտնի» ռեժիմով: Թե ինչ է քննարկել գործադիրն առանց մամուլի ներկայացուցիչների, առայժմ չի գաղտնազերծվում: