Ապրիլի 27-ին hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու և վիրավորելու համար աշխատանքից ազատվել է ոստիկանության ծառայող Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոգ մականունով: Այս մասին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է hetq.am-ի հետ զրույցում: Միջքադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել:
Անի Հովհաննիսյանը միջադեպի մասին գրել է հետևյալը.
«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության «Գազելը»:
Գևորգը նշեց, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ եւ նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»:
Լրագրողը նշում է, որ այդ մարդը Վարդան Ղուկասյանն է:
Hetq.am-ը ներկայացրել է նաև միջադեպի տեսանյութը:
Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Վարդան Ղուկասյանը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ վիճաբանել էր ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի
Նշենք, որ այդ օրը կապիտան Վարդան Ղուկասյանը, ով այն ժամանակվա ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի վարչական ապարատի սպա էր, ակցիային ներկայացել էր քաղաքացիական հագուստով և չսափրված: