Կարո՞ղ է արդյոք Երևանի քաղաքապետը պայքարել բնակիչներին անհանգստացնող խնդիրները՝ աղքատությունը, գործազրկությունը վերացնելու համար: Այսօր այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը խոսել են ՀԱԿ-ի, «Բարև Երևան»-ի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակների առաջին համարները՝ Վահագն Խաչատրյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Ռուստամյանը և Վարդան Օսկանյանը:
Թեկնածուները համաձայնել են, որ քաղաքային ընտրությունները քաղաքական մենաշնորհի դեմ պայքարելու միջոց են և որ իրենք պատրաստ են չքվեարկել իշխանական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին, եթե նրանց չհաջողվի 40%+1 ձայն ստանալ և ընտրել քաղաքապետ:
Թեկնածուների կարծիքով՝ քաղաքական մենաշնորհը հաղթահարելուց հետո ընդդիմությունը կարող է քաղաքում ոչ միայն համայնքային խնդիրներ լուծել, այլև աղքատությունն ու գործազրկությունը մեղմել:
Անդրադառնալով մայրաքաղաքում անօրինական շինությունների կառուցման, աղբահանության, կանաչապատման խնդիրներին՝ բանախոսներն ասել են, որ Երևանի ներկայիս իշխանությունների օրոք այդ հարցերը չեն լուծվում, քանի որ վերջիններիս մոտ առաջնայինն է «ատկատ» ստանալու սկզբունքը, ուստի ծառայությունները իրականացնելու համար տենդերները չեն շահում պատահական ընկերություններ:
«Այդ հարցումները, թե մարդկանց ամենաշատը մտահոգում է աղբահանությունը և այլն, իրականում մեզ շեղելու համար են և նսեմացնում են ընտրությունները՝ վերածելով դրանք քաղաքի կառավարչի ընտրության: Աղբահանությունը լուրջ բիզնես է: Աղբահանությունը խնդիր չի լինի, եթե իրենց ծանոթները չկատարեն այդ ծառայությունը, եթե իրենց մեկը հակակշիռ լինի»,- ասել է Արմեն Ռուստամյանը՝ հավելով, որ այս ընտրությունները ոչ թե քաղաքի կառավարչի, այլ նրա նշանակողի ընտրություն են:
Վարդան Օսկանյանն էլ ասել է, որ ավագանիում պետք է լինեն հակակշիռները նաև ընդդիմադիր չորս ուժերի միջև:
Բոլոր բանախոսները անդրադարձել են նաև համատիրությունների աշխատանքի անարդյունավետությանը: «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ համատիրությունները պետք է փակվեն, քանի որ դրանք անիմաստ վատնում են 4-5 միլիոն դրամ:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում Երևանի ճարտարապետական դեմքի վերականգնումը, թեկնածուներն ասել են, որ հարկավոր է մոնիտորինգ անցկացնել և բացահայտել՝ ովքեր են տվել թույլտվությունները Աբովյան փողոցի վրա կանաչապատում իրականացնելու, Փակ շուկայում կատարվող շինարարության և այլնի համար, ապամոնտաժել բացահայտ խախտումներով կառուցված շենքերը՝ բավարարելով նաև խաբված բնակարանատերերի պահանջները:
Քննադատելով «գերակա շահ» ձևակերպման տակ կատարված իրավախախտումները՝ Վահագն Խաչատրյանն ասել է, որ նման բան անել հետագայում անթույլատրել է: Արմեն Ռուստամյանը հավելել է, որ կենտրոնում նման շինարարություններ անելուց առաջ պետք է անցկացնել հանրաքվե, իսկ Վարդան Օսկանյանը խորհուրդ է տվել գնալ Թբիլիսի և տեսնել, թե ինչպես են պահում հին քաղաք: