16.10 Կառավարության շենքի մոտ ելույթ ունեցավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որ նշել է, որ յուրաքանչյուր նորմալ երկրում վարչապետը պետք է առնվազն հրաժարական տար, իսկ Տիգրան Սարգսյանը թաքնված է, և անգամ ակցիայի մասնակիցների մոտ չի իջնում: Փոստանջյանի խոսքով՝ վարչապետը պետք է պատասխան տա՝ ինչու է այսօր Երևան տանող մայրուղին փակված ԶՈՒ ստորաբաժանումների մեքենաներով ու զրահամեքենաներով:
Զոհված զինծառայող Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, նշել է, որ կրկին մարդկանց դեմ բանակն են հանել: Բանակի զորքերը հանում են, երբ պետք է ինչ-որ մեկին պաշտպանել, այսօր բանակը պաշտպանում էր միայն Սերժ Սարգսյանի ռեժիմը:
15:40 ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիան անցկացնող մարդիկ մոտեցել են կենտրոնական մուտքին և պահանջել են, որպեսզի ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանն իջնի ու պատասխան տա բանակում խաղաղ պայմաններումզ ոհված գոնե մեկ զինվորի համար, այդ դեպքում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի:
Ոստիկանները սկսել են կոպտորեն հրել մարդկանց մուտքից հեռու,և նոր ոստիկանական ուժեր են հրավիրել Կառավարության շենքի դիմաց:
Ակցիայի մասնակիցներին դիմել է ոստիկնության գնդապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ այսօր թաղման օր է, պետք է հարգել դա ու բողոք չանցկացնել: Նա նկատի է ունեցել Լյուքս Ստեփանյանի հուղարկավորումը: Օսիպյանը ասել է, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե Օսիպյանն ամենակարող է, թող, խնդրի վարչապետին իջնել և զրուցել մարդկանց հետ:
Այս պահին մարդիկ վանկարկում են «Ամոթ, ամոթ», «Տիկո, հեռացիր», իսկ ոստիկանները փակել են շենքի մուտքը ու շարունակում են հրել մարդկանց:
14:30 Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կեսօրին ինքնաբուխ բողոքի ակցիա է սկսվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են այն բանից հետո, երբ Երևան լուրեր են հասել, որ մայիսի 15-ին բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի դին նրա հարազատները Վերին Գետաշեն գյուղից բերում են Երևան՝ ի նշան բողոքի:
Կառավարության շենքի մոտ էին հավաքվել բանակում խաղաղ պայմաններում զոհված այլ զինվորների ծնողները, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, քաղաքացիական ակտիվիստներ:
Նրանք նշում էին, որ նրանք պատրաստ են սպասել այնքան մինչև Վերին Գետաշենից եկող թափորը կհասնի Երևան: Երբ տեղեկություններ եղան, որ Երևան-Սևան մայրուղին փակել են, իսկ ծնողների հետ բանակցում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաքվածները նշեցին, որ պատրաստ են կառավարության շենքի մոտ սպասել մինչ ուշ երեկո, երբ թափորը ոտքով կհասնի մայրաքաղաք:
Չնայած 14:30-ի սահմաններում պարզ դարձավ, որ ծնողները որոշել են վերադառնալ գյուղ, կառավարության շենքի մոտ հավաքվածները դեռևս չեն հեռանում: