Home / Հայաստան / Սոցիալական բունտն ու քաղաքականությունը՝ հայաստանյան իրականության համատեքստում

Սոցիալական բունտն ու քաղաքականությունը՝ հայաստանյան իրականության համատեքստում

Համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքականի դերը հանրային կյանքում վերաիմաստավորվում է քաղաքացիականի նկատմամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հասարակագետ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում սոցիալական դժգոհությունը կարող է հանգեցնել քաղաքական իրավիճակի փոփոխության:

«Ընդ որում, «քաղաքացիական» ասելով՝ նկատի չունեմ հասարակական կազմակերպությունները կամ կազմակերպված որևէ կառույցներն ու շարժումները:

Հակառակը, որոշ իմաստով այդ քաղաքացիականն էլ է դարձել քաղաքական արխաիկ համակարգի մաս: Խոսքը հենց հանրային գործընթացների մասին է, որոնք ինքնաբուխ են կամ իրականացվում են ինքնաբխության մոդելով: Սոցիալական բունտն ինքնին հասարակական զարգացման տեսանկյունից միանշանակ դրական չէ:

Որովհետև բունտը՝ որպես հանրային վարքի տեսակ, նշանակում է, որ մերժվում է գոյություն ունեցողը` առանց հստակ ձևակերպելու այլընտրանքը կամ առանց ունենալու այլընտրանք: Եթե հասարակությունը կանգնում է բունտի շեմին, ուրեմն իր համար կարևորում է միայն ոչնչացումը: Ոչնչացման գնացող հասարակությունը, անկախ նրանից, թե ինչ համակարգ է ոչնչացնում, միշտ ոչնչացնում է նաև իրեն կամ իր մի մասը՝ իր արժեքները, նորմերը, իր լավն ու վատը, որ ստեղծել է: Հայաստանի պարագայում սոցիալական բունտի մասին խոսելիս՝ ցանկացած հասարակագետ, որ ուսումնասիրել է հայաստանյան իրականությունն ու պատմությունը, դժվար թե բարձր գնահատի դրա հավանականությունը», – ասել է Անդրեասյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ միգրացիան միշտ եղել է ընդհանուր առմամբ ավելի նշանակալի հանրային վարքագիծ, քան բունտը հայ հանրույթի համար: Նա, այնուամենայնիվ, հավելել է, որ ժամանակները փոխվում են, և փոխվում է պատմամշակութային կոնտեքստը:

«Աշխարհը գնալով փոքրանում է: Յուրաքանչյուրիս բաժին հասնող տարածությունը աշխարհում գնալով կրճատվում է: Գոյության պայքարը ամենուր դառնում է շատ ավելի բարդ ու ոչ գծային: Միաժամանակ չափազանց հասանելի է դառնում սոցիալական բունտի վարքը՝ որպես մոդել, որ ամեն օր դրսևորվում է աշխարհի բազմաթիվ կետերում: Ընդ որում՝ սոցիալական բունտի այդ ցուցադրությունը մեծ չափով պարունակում է նաև հաջողված դեպքերի ցուցանումը, թե ինչպես են հասնում հաջողության խռովարարները: Եթե մի քիչ շեղվենք, ապա բունտի հայաստանյան համարժեքը՝ խռովությունը, ինքնին շատ բնութագրական բառ է՝ մեր լեզվամտածողության շրջանակներում բունտի նկատմամբ մեր վերաբերմունքը ցույց տալու համար:

Խռովելը աշխարհից փակվելն է: Այնպես որ, միգրացիան նույնպես մեզ մոտ լիովին տեղավորվում է խռովարարության կոնցեպցիայի մեջ: Մեր բունտարները մինչ այժմ մեծամասնությամբ եղել են հենց միգրանտները՝ որպես խռովարար: Ճիշտ է, խռովարարը նաև ակտիվ կոմպոնենտ ունի՝ արարումը: Սակայն այդ արարումն ամբողջությամբ հակադրվում է խռովության կոնցեպցիային: Քանի որ խռովությունը ոչնչացնել է ենթադրում: Այն դեպքերը, որ մենք կարող ենք դիտարկել վերջին շաբաթներին, ցույց են տալիս, որ մարդկանց մի մասը կարծում է, որ վտանգված են իրենց հիմնարար պահանջմունքները՝ անվտանգության պահանջմունքը, ինչպես բանակի հետ կապված իրողությունների դեպքում, նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջմունքը, ինչպես գազի գնի բարձրացման, կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակների դեպքում: Եվ ամենակարևորը, որ մենք տեսնում ենք, որ մարդիկ սկսում են մտածել, որ կորցնելու բան չունեն: Իսկ դա հասարակության տեսանկյունից ամենավտանգավորն է», – նշել է սոցիոլոգը:

Նա կարծիք է հայտնել, որ քաղաքականությունը միշտ եղել է այն միջոցը, որով նշված դժգոհությունները ստրատեգիկ երանգ են ձեռք բերել:

«Այս խնդիրներից որևէ մեկը չի մտնում քաղաքականության մեջ այլընտրանք ձևակերպողի հավակնություն ունեցող ուժերի օրակարգ: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը խաղում է իշխանության դեմ՝ հանրությանն օգտագործելով որպես զանգված: Չեմ կարծում, որ այս ուժերից որևէ մեկը չի գիտակցում, թե ինչ հսկայական ներուժ կարող էր բերել առկա բողոքը վերցնելն ու քաղաքական ռեսուրսի վերածելը: Բայց չի ստացվում: Հանրությունը մնում է չլսված-չհասկացված: Ու էս պարագայում կարող է լինել ցանկացած զարգացում: Դրանց միակ բնութագրիչը, որ կարող է առաջադրվել իբրև վարկած, անկանխատեսելի և չնախատեսված լինելն է: Սակայն սոցիալական բունտը չի կարող դիտվել իբրև հասարական զարգացման տարբերակ: Հեքիաթները ավարտվում են ամուսնությամբ, իսկ կյանքը սկսվում է դրանով: Եթե հորիզոնը վերջանում է բարիկադներում, ուրեմն պետք է հասկանալ, որ բարձրանալու ես բարիկադի վրա ու ավեր ես տեսնելու: Քաղաքականությունը միշտ եղել է հորիզոնը բարիկադից ընդլայնող մեխանիզմ: Այսօր այդ մեխանիզմը մեզ մոտ չի գործում: Այնպես որ «ի՞նչ կլինի» հարցը երևի առավել հաճախ սկսելու են տալ ոչ թե փորձագետներին, այլ գուշակներին: Որովհետև անորոշության որոշակի չափի գերազանցումից հետո փորձագետը ձեզ կարող է միայն ասել, որ ամեն ինչ հնարավոր է», – եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: