Home / Հայաստան / Ամուլսարի հանքի տարածքում կրճատվում է կենդանիների թիվը, ահազանգում են բնապահպանները

Ամուլսարի հանքի տարածքում կրճատվում է կենդանիների թիվը, ահազանգում են բնապահպանները

Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տարածքի «Կարմիր գրքում» գրանցված բուսական ու կենդանական աշխարհի վրա:

«Այնտեղ, որտեղ կա «Կարմիր գրքում» գրանցված կենդանի կամ բույս, շատ դժվար է հանքի շահագործումը: Բացի  բուսականության ու կենդանական աշխարհի վրա ազդեցություն ունենալուց, Ամուլսարի այդ տարածքում կպակասի գիշատիչ թռչունների որսը: Երբ մեծ քանակությամբ տեխնիկա ու մարդ կա, ապա տվյալ վայրից հեռանում է կենդանական աշխարհը», – լրագրողների հետ զրույցում ասել է Վայրի բնության պաշտպանության համաշխարհային ֆոնդի  հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Անդրադառնալով Հայաստանում  հանքարդյունաբերության և որսագողության հետ կապված զարգացումներին, նա նշել է, որ որոշ կենդանիների ու բույսերի ապրելավայրերն ու տարածքներն այսօր կրճատվում են կամ ֆրագմենտացիայի են ենթարկվում:

«Մենք հետազոտություններ անցկացրեցինք Ամուլսարում: Մոտ 10 հազար հա-ի չափ տարածքի ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, թե «Կարմիր գրքում» գրանցված ինչպիսի թռչնատեսակներ և կենդանատեսակներ կան: Հանքի տարածքում գրանցված կենդանականից միայն արջի հետքերի հանդիպեցինք, բայց հարակից տարածքներում, որտեղ տեղադրել մեր տեսախցիկները՝ Գնդեվազի դիմացի ձորում, որտեղ հիմնականում քարայծների տարածքներն են, նկարել ենք նաև վայրի, անտառային կատու, որը բնակվում է Ջերմուկի հարակից անտառային տարածքներում, Ամուլսարից մոտ 5-7 կմ-ի վրա, նաև քարայծներ», – ասել է Մանվելյանը:

Նա նշել է, որ ուսումնասիրության արդյունքում ֆիքսել են 17 տեսակի թռչուններ, որոնք ապրում են Ամուլսարի տարածքում:

Մանվելյանի խոսքով՝ ուսումնասիրությունների հաշվետվությունն ամփոփելուց խնդիրը ներկայացնելու են Բնապահպանության  նախարարությանը: