Կարկուտից տուժածներին կառավարության խոստացած փոխհատուցումը չի կշտացնի: Այս մասին այսօր Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը:
«Բանկերում վարկեր սառեցնել-մառեցնելը մեզ պետք չի: Ժողովուրդը զայրացած է, ոչ մեկի էդ խոստումներով չեն համոզի», – նշել է մեր զրուցակիցը, ով շեշտել է, որ ինքը վարկեր չունի բանկերում, իսկ իր այգում միայն ծառապտուղ է, որը հիմնովին ավիրվել է:
Ըստ Սիմոնյանի՝ սա կառավարության հերթական «փափուկ բարձն է», որը ժողովրդի գլխի տակ դնելով՝ իզուր հույսեր են տալիս:
«Ինձ ոչ բանկի սառեցումն ա պետք, ոչ բանկի եսիմինչերը, ոչ էլ կառավարության սուտ խոսքերը: Ես ոչ մեկի կոպեկ պարտք չեմ, ուզում եմ էս 10 ամիսը յոլա էթամ, հաց ունենամ, ձմեռը սովից ընտանիքս չմեռնի, մինչև գարունը կբացվի, նորից կարանամ աշխատեմ-ապրեմ», – ասել մեր զրուցակիցը:
Սիմոնյանը նշել է, որ իր բանզմանդամ ընտանիքի գոյատևման համար ամենակարևոր պարենամթերքի համար ոչ գումար ունի, ոչ էլ հայթայթելու հույս:
«Մի 6-7 մեշոկ ալյուր, մի քանի տուփ աղ, մի 2 տուփ էլ 9 կգ-անոց կարագ ու վերջ, էսքան բան թող տան, թե չէ 4 երեխուս, 8 թոռներիս ո՞նց պահեմ մինչև էս տարվա վերջ, որ չմեռնեն, խոտ էլ չկա ուտելու», – ասել է մեր զրուցկիցը՝ թվարկելով իր կրած վնասի չափը՝ 64 ծառ, կես տոննա խնձոր, 1,5-ական տոննա ծիրան և խաղող, ինչպես նաև այլ մրգատեսակներ, որոնք հիմնովին ավերել է կարկուտը:
Նրա խոսքով՝ այս նույն «կոտրած տաշտակի առաջ է հայտնվել» շենավանցիների գրեթե 70-80 տոկոսը, մնացածը ինչ-ինչ պատճառներից ելնելով լռում են:
«Մենակ նրանք չեն բողոքում, ում ընտանիքից դպրոցում կամ հիվանդանոցում աշխատող կա, ովքեր ամսական ռոճիկ են ստանում, կարողանում են խանութից մի բան առնեն: Կինս գյուղապետարանում հավաքարար ա աշխատում, էն հողի հարկերից ա կախված, եթե ժողովուրդը հարկերը չտա, ինքը ռոճիկ չի ստանա»,- եզրափակել է Սիմոնյանը:
Մրգաշատ գյուղի բնակիչների բողոքն էլ Еpress.am-ին փոխանցել Բարունակ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որոշումից դժգոհ համագյուղացիները այսօր կեսօրից պարբերաբար բողոքի ալիք են բարձրացնում, ինչը պաշտոնական մակարդակով արագ լռեցվում է: Նրա խոսքով՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ են գալիս և համոզում, որ մի քանի օր էլ համբերեն մինչև ավելի ստույգ պատասխան կլինի:
«Այսօր մարզպետի մակարդակով մի քանի անգամ ժողովրդին լռեցրել են: Երեկ վարչապետը թաքուն եկել էր Արմավիր, որ ժողովուրդը չիմանա ու չհավաքվի, հետո փախել էր մարզպետարան, հավաքել գյուղապետերին, լավ կենաց էր ասել ու հեռացել, չնայած իր գալ-չգալը բոլորովին իմաստ չունի, եթե ժողվուրդը սոված ա: Որ պիտի գա ու էդքան անիմաստ խոսի, թվերի հետ խաղ անի… նա բանկիր ա, թվերի հետ խաղ ա անում, օդից փող ա բռնում, օդից ո՞նց կարելի ա սոված ժողովուրդ կերակրել կամ փրկել»,- ասել է Ղուկասյանը:
Նա նշել է, որ իր կորուստը 1 տոննա սալոր է, մոտավորոպես 15 տոննա ծիրան, 18-ից 20 տոննա խաղող:
Ղուկասյանը հավելել է, թե ժամանակը աշխատելու է տուժած գյուղերի բնակիչների դեմ ու մարդիկ ուղղակի սովամահ են լինելու, քանի որ որոշ ժամանակ անց վերջանալու է տանը եղած սնունդը, իսկ նորը գնելու համար իրենք գումար չունեն:
«Մարդիկ սովից չգիտեն, ի՞նչ անեն, ահավոր հուսահատ վիճակում են: Ովքեր մի փոքր հնարավորություն ունեն Հայաստանից փախնելու, հավաքվում ու գնում են: Էս քանի օրվա ընթացքում 40-50 հոգի երկու գրուպայով մեր մոտից հիմնական գնացել են: Այդ մարդիկ հողի հետ հույսեր էին կապել, սակայն հիասթափված հեռացան: Մնացողներն էլ «կենաց ու մահու» կռիվ պետք ա տան: Մեր ուզածը էն է, որ կառավարությունը տուժած ընտանիքներին ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր տա, մի քանի կոպեկ էլ փող, էլի գյուղացին էշի պես աշխատելու ա, էլի իրանց համար: Մեր պետությունը իրա էշին էլ չի ուզում կերակրի», – շեշտել է Ղուկասյանը: