հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կնոջը հարկադրաբար հոգեբուժարան են տարել. նա վիճում էր «Իդեալ»-ի հետ

Կնոջը հարկադրաբար հոգեբուժարան են տարել. նա վիճում էր «Իդեալ»-ի հետ

Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին բռնի ուժով տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա:

Այս մասին այսօր «37 թվական. «Ապահով Հայաստան»» վերնագրված առաջնորդողում գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Նազարեթյանը ամուսնացած չէ, երեխաներ չունի:

Թերթը ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ «37 թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում»:

«Նախօրեի երեկոյան «ՀԺ»-ն ահազանգ է ստացել շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարևանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բոնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր և օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:

Թերթի թղթակիցներն այցելել են «Իդեալ» խանութ, որի վարիչ Սերգեյն ասել է, որ կնոջը չի ճանաչում և տեղի ունեցածից տեղյակ չէ: «Իդեալ»-ի կենտրոնական գրասենյակում տեղեկանալով, որ իրենց լրագրող է զանգահարում, դարձել են անհասանելի: Թերթի թղթակիցներ Աննա Զախարյանն ու Գագիկ Աղբալյանն այցելել են Ավանի հոգեբուժական կլինիկա, որտեղ պարզել են, որ օրեր առաջ դատարանից որոշում են ստացել Նազարեթյանին հարկադիր բուժման ենթարկելու մասին:

«Հոգեբուժարանի բժիշկ Փաշիկյանը մեր թղթակիցներին թույլ չի տվել տեսակցել Նազարեթյանի հետ, դողացող ձեռքերով ղեկավարությանն ուղղված զանգեր է կատարել: Հոգեբուժարանի տարբեր աշխատակիցների հետ զրույցի պատկերը հետևյալն է. Ամալյա Նազարեթյանն իրեն ագրեսիվ է պահում, անեծքներ տեղում, ինչն էլ նրանց կարծիքով հենց հոգեկան խանգարման նշան է: Նազարեթյանին թույլ չեն տալիս բակ դուրս գալ, վախենում են փախչի», – գրում է թերթը:

«Իդեալ» խանութների ցանցը մտնում է «Իմեքս գրուպ» ընկերության մեջ, որի նախագահն է գործարար Նորայր Խաչատրյանը: «ՀԺ»-ն նշում է, որ ցանցը կապվում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ:

«Նազարեթյանը, իհարկե, դժբախտ է, որ ժամանակին չի ամուսնացել և Ներսես Նազարյանի նման մի զավակ էլ ինքը չի ծնել, քանի որ Նազարյանի և նրա նմանների մայրերի հետ նման բան չէր կարող պատահել… Եթե այսօր նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, առողջապահության նախարարը, ոստիկանների շեֆ Վլադիմիր Գասպարյանը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, հարկադիր բուժման որոշում կայացրած դատավորը բոլորը միասին չգնան և Ամալյա Նազարեթյանի ձեռքից բռնած, իսկ ավելի ճիշտ սեփական ձեռքերում գրկած դուրս չհանեն այդ վայրից, հույս ունենք իրենց ծնած մայրերի աչքերին ամեն անգամ նայելիս կհիշեն իրենց համատեղ ջանքերով հոգեբուժարանում տառապող միայնակ, անզավակ Ամալյա Նազարեթյանին: Եթե մոռանան, մենք պարբերաբար կհիշեցնենք», – հավելում է թերթը: