Henaran.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը մի քանի օր առաջ դիմում է ներկայացրել ոստկանություն ՝ պահանջելով Պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանին հեռացնել ՊՆ համակարգից ու թույլ չտալ նրա նմաններին դասակ կամ վաշտ ղեկավարել:
Epress.am-ի հետ զրույցում Լուսինե Ղազարյանը պատմել է, որ ոստիկանություն դիմել է իր տան բակում տեղի ունեցած միջադեպից հետո:
«Սմեն ինչ սկսվեց նրանից, երբ աշխատանքից տուն վերադառնալով բակում ականատես եղա իմ 10-ամյա որդու՝ Արայիկի ու նրա հասակակից խաղընկերոջ՝ Մկրտչյանի որդի Էդիկի վիճաբանությանը:
Հասնելով շքամուտքին, ձայն տվեցի տղայիս՝ «Արայիկ ջան, ես տուն եմ եկել, արի»: Տղաս վազելով ինձ էր մոտենում, տեսնեմ՝ Էդիկը նույն արագությամբ վազում է Արայիկի հետևից, երբ հավասարվեցին, Էդիկը հարձակեց Արայիկի վրա, որ հարվածի, ես ասացի՝ «ամոթ չէ, Էդուլ, մենք հարևաններ ենք, դուք ընկերներ եք, վաղը միասին խաղալու եք, չի կարելի, մի վիճեք»», – պատմել է Ղազարյանը:
Վերջինս նշել է, որ իր խոսքից Էդիկը հասկացել ու հետ է քաշվել, սակայն հայրը պատշգամբից սկսեց գոռգոռալ որդու վրա, թե՝ «քեզ չասեցի՞՝ գնա քարը վեկալ, տուր դրանց գլուխը ջարդի»:
«Այս կողմից ես հարցնում եմ՝ ինչի՞ համար, բղավում է ՝«նրա համար, որ ձեզ ըտենց ա հասնում, պետք ա քաքենք ձեր բերանը ու լավ ենք անում, քաքում ենք սաղիդ բերանը (նկատի է ունեցել լրագրողներին – Epress.am): Ես էլ շարունակում եմ հարցնել, թե ինչո՞վ է հիմնավորում իր նման պահվածքը, կամ ինչով է պայմանավորված լրագրողների նկատմամբ իր այդտեսակ վերաբերմունքը», – ասել է Ղազարյանը:
Լրագրողը նշել է, որ աղմուկից խուսափելու համար որոշել է բարձրանալ Մկրտչյանենց բնակարան՝ խնդրելու, որ վերջինս դադարի բղավել:
«Թակում եմ դուռը ու փորձում հանգիստ բացատրել, թե՝ դուք նորմալ մարդիկ եք, այս ի՞նչ արտահայտություններ եք թույլ տալիս պատշգամբից, այն էլ՝ երբ հիսուն բնակարան նայում է: Ինքը միանգամից հարձակվում է, թե «ով ես դու, քեզ սրբի տեղ չդնես, էնքան բան դնեմ դեմդ, շշմած մնաս»: Նա նաև սկսեց շահարկել իմ աշխատանքի գնալ-գալու ժամերը, այսինքն՝ եթե ես Եղվարդում եմ բնակվում և առավոտյան 8-ին տնից դուրս եմ գալիս, իսկ աշխատանքս ավարտվում է երեկոյան ժամը 19:00-ի և Երևանից Եղվարդ եմ հասնում, երբ արդեն մութն ընկած է լինում ուրեմն նշանակում է, որ ես չգիտեմ՝ ինչով եմ զբաղված: Պարզապես չեմ հասկանում՝ իր ի՞նչ գործն է, կամ ինքն ինչ իրավունք ունի նման կերպ խոսել ինձ հետ: Խոսքերիս վրա միանգամից սկսում է բղավել՝ «Լավ եմ անում, քո հետ էլ, քո երեխու հետ էլ պետք ա ըտենց խոսանք, այ գործ տվող, գնա Շամշյանիդ բեր», – պատմել է մեր զրուցակիը:
Ղազարյանն ընդգծել է, որ, չբավարարվելով անձնական վիրավորանքներով, Մկրտչյանը փորձել է հարվածել իրեն, ինչը թույլ չեն տվել աղմուկից հավաքված հարևանները:
«Քանի որ չկարողացավ հարվածել, քաշքշոցի ընթացքում կապտեցրեց մատս, հետո, մինչ ես խոսում էի կնոջ ու մոր հետ, հարձակվեց որդուս վրա ու «դավայ էղար ըստուց» ասելով հրեց աստիճաններից: Երեխեն հազիվհազ պահեց հավասարակշռությունը, թե չէ աստիճաններից ներքև էր գլորվելու ու հաստատ վնասվելու էր», – պատմել է Լուսինե Ղազարյանը:
Լրագրողը նշել է, որ դրանից անմիջապես հետո գնացել է «Նաիրիի» ոստիկանության բաժանմունք ու միջադեպի մասին հայտարարություն տվել:
«Հաջորդ օրը բաժնից ինձ տեղեկացնում են, թե իրենց իրավասության տակ չէ ու խորհուրդ են տալիս դիմել Ռազմական ոստիկանություն, քանի որ այդ մարդը ՊՆ-ի սպա է», -ասել է Ղազարյանը:
Զրույցի ավարտին մեր զրուցակիցը նշել է, թե դիմումով ինքը որևէ անձնական խնդիր չի շահարկում, առավել ևս հարևանին վատություն անելու ցանկություն չունի, սակայն իրեն չի ների, եթե հայկական բանակի զինվորները շարունակեն ծառայել նման հրամանատարի մոտ:
«Ես ինձ մեղավոր կզգամ բոլոր հայ զինվորների առաջ, եթե իմ տեսածից հետո հանդուրժեմ նրա հետագա աշխատանքը ՊՆ-ում: Ես չեմ փնովում կամ մեղադրում հայկական բանակի մյուս ծառայողներին, քանի որ ոչ ոք մեղավոր չէ, որ Մկրտչյանի նմանները զինվորական կրթություն են ստացել ու աշխատում են այդ համակարգում ու Աստված գիտե՝ ի՞նչ «ունակություններով կամ էներգիայով են օժտված»: Նաև չեմ պատրաստվում 8 տարի անց իմ տղային բանակ ճանապարհեմ, թե մեր բանակի կազմում նման սպաներ կան: Ես չեմ ուզում որ նա գնա ու նստի, ես ուզում եմ, որ նման սպա չաշխատի հայոց բանակում: Սա է իմ պահանջը», -ասել է Ղազարյանը:
Լրագրողը նաև մտավախություն ունի՝ «եթե Մկրտչյանը բակում կարող է նման ագրեսիա դրսևերել 10 տարեկանների նկատմամբ, ապա ինչպիսի վրքագիծ կդրսևորի զինվորների շրջանում»:
«Բակում իր տղային է ասում՝ «քարը վերցրու, տուր գլուխը ջարդի, բանակում էլ կասի՝ «ավտոմատը վերցրու, կրակի ծառայակցիդ», – եզրափակել է Ղազարյանը:
Թեմայի շուրջ Epress.am–ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշել է, թե ինքը տեղյակ է և տեղի ունցածի վերաբերյալ զեկուցել է նախարար Սեյրան Օհանյանին:
«ՊՆ-ն ոչ մի միջադեպ անուշադրության չի մատնում», – ասել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Լուսինե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից