Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։
ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում:
Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։
Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:
Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:
Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ», -աել է Էդվարդ Նալբանդյանը։