Հունիսի 2-ին Ոստիկանության աշխատակիցները Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական զինամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների բնակարաններում ու օբյեկտներում: Ոստիկանության գործողություններն իրականացվել են հունիսի 1-ի կեսգիշերի մոտ Խաչատրյանի առանձնատան մոտ ունեցած փոխհրաձգությունից հետո, երբ սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու 43-ամյա Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի մերձավորներից՝ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել են:
Հայտնաբերված բոլոր զենք-զինամթերքները քննչական խմբի կողմից ընթերականների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են և ուղարկվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյոք նշված հրազենները օրինական են, թե ոչ, և արդյոք դրանք են օգտագործվել Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։