Home / Հայաստան / Թուրքիայի իշխանությունները ներողություն են խնդրել, բայց ձերբակալությունները շարունակել են

Թուրքիայի իշխանությունները ներողություն են խնդրել, բայց ձերբակալությունները շարունակել են

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջը ներողություն է խնդրել Ստամբուլում Գեզի այգու համար պայքարող ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար:

Չնայած դրան, երեկ Թուրքիայում շարունակվել են բախումներն ու ակտիվիստների ձերբակալությունները: Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 25 մարդ:

Արինջն ընդունել է, որ պետությունը կոպիտ է վարվել՝ որոշում կայացնելով ցրել Գեզի այգում նստացույց անող ցուցարարներին:

«Ցույցերի սկզբում ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառումը սխալ էր: Դա անարդար էր, և ես ներողություն եմ խնդրում քաղաքացիներից: Կառավարությունը պատահածից դասեր է քաղել: Մենք իրավունք չունենք և չենք կարող արհամարհել մարդկանց: Ժողովրդավարությունը չի կարող կայանալ առանց ըննդիմության», – ասել է փոխվարչապետը:

Այդուհանդերձ, Արինջը նշել է, որ ցսւցարարների թվում եղել նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը:

«Մենք կարիք չունենք ներողություն խնդրել նրանցից, ովքեր ավերել են հանրային սեփականությունը, և նրանցից, որքեր փորձում են սահմանափակել մարդկանց ազատությունը», – հավելել է նա:

Նշենք, որ ցուցարարների և ոստիկանության հնգօրյա բախումների ընթացքում հազարավոր մարդիկ վիրավորվել են: Ոստիկանությունը փորձել է ցուցարարներին հանդարտեցնել արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և մահակների միջոցով:

Համաձայն պաշտոնական տվյալների, բախումների ընթացքում երկու ցուցարար զոհվել է: