Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սիրում է հեծանիվ քշել և իրեն պատկանող «Բենթլի» ավտոմեքենայով շատ քիչ է երթևեկում: Այս մասին նա ասել է Yerevan Times պարբերականի հետ զրույցում: Հիշեցնենք, որ հոգևորականը «Բենթլին» նվեր է ստացել:
«Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Ցավում եմ, որ մամուլը կարողացել է լվանալ շատերի ուղեղն այն աստիճան, որ նրանք մտածում են, թե ես միայն մեծահարուստների հետ եմ մտերմություն անում, այն էլ՝ նրանց համար «ինչ-որ հարցեր լուծելու» և փոխարենը նվերներ ստանալու ակնկալիքով: Ես օրական հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, նրանցից շատերն իմ մտերիմներն են: Մի մասը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ․ այս դեպքում միշտ մտածում եմ՝ ինչպես կարելի է օգնել և այդ հարցով հաճախ միջնորդում եմ մյուս՝ ապահովված դասի ներկայացուցիչներին: Երկու խավից էլ նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվեի՞:
Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել և օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով:
Սիրում էի հեծանիվ քշել դեռ Օշականում ծառայելու տարիներին: Այն ժամանակ էլ էին մարդիկ փսփսում․ հոգևորական է և հեծանվով է երթևեկում: Իսկ ես երբեք ենթակա չեմ եղել այդ նախապաշարումներին, որոնք ոչ այլ ինչ են, քան գավառամիտ մտածելակերպի ծնունդ, և սկզբունքորեն նախընտրել եմ անպատասխան թողնել ինձ ուղղված անհիմն հարցադրումները: Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է ինձ: Այս առումով ասեմ, որ հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ․ այն քշելով ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում», – հայտարարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Նա նշել է, որ իր առօրյայում չկա ցոփության գեթ մեկ դրսևորում:
«Եթե կրկին չարաբաստիկ «Բենթլիի» մասին հիշեցնեք, ասեմ, որ դրանով գրեթե չեմ երթևեկում, նախընտրում եմ ծառայողական մեքենան: Ամեն ինչից զատ՝ անկեղծ ասեմ, որ ավտոմեքենաների հանդեպ որևէ սեր չունեմ և ինքս էլ 14 տարի է ղեկ ձեռքս չեմ վերցրել: Այդքան բան», – հավելել է հոգևորականը: