Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր որոշել է դռնփակ անցկացնել գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագինը որոշելուն նվիրված նիստը՝ արգելելով քաղաքացիական ակտիվիստների մասնակցությունը: Նիստի ընթացքում որոշվել է, որ մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:
Նիստին մասնակցելու իրավունք են ստացել միայն ՀԾԿՀ-ի կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները, ովքեր պատ կազմած արգելել են ակտիվիստներին ներս մտնել, ասել են, որ իրենք կատարում են ՀԾԿՀ-ի հրահանգը և ներս են թողնում միայն նրանց, ում անունները նշված են հանձնաժողովի կողմից տրամադրված ցուցակում:
Ակցիայի այն մասնակիցները և լրագրողները, ովքեր չեն կարողացել մուտք գործել շենք ու դրա համար որևէ բացատրության չեն ստացել, ի նշան բողոքի՝ երթով Սարյան 22 հասեցում գտնվող Հանձնաժողովի շենքից շարժվել են նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26:
Epress.am-ի հետ զրույցում իրավաբան Մերի Խաչատրյանը նշել է, որ իրենք հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պահանջելով ՀԾԿՀ-ի հրաժարականը: Նա նշել է, որ մոտ 300 քաղաքացիներ զանգել-գրանցվել են նիստին մասնակցելու համար՝ նշելով, որ առաջարկներ ունեն:
«Մեզ որևէ մեկը չցանկացավ հանդիպել ու պարզաբանում տալ: Մեզանից որևէ մեկը չկար հանձնաժողովի կազմած ցուցակում, ուստի պահանջեցինք ներքև իջնել ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավար պարոն Սողոմոնյանին, որպեսզի նրան փոխանցենք մեր ներկայացուցիչների տվյալները ու հաստատենք, որ մասնակցելու համար մենք զանգահարել ենք, սակայն ոչ ոք դուրս չեկավ: Այդ իսկ պատճառով գնում ենք Բաղրանյան 26՝ իրենց ասելիքը այնտեղ ասելու», – նշել է Մերի Խաչատրյանը:
Երթի ամբողջ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին իրազեկել են գազի գնի թանկացման հնարավոր հետևանքների մասին և կոչ են արել միանալ իրենց:
Ակցիան շարունակվել է նախագահական նստավայրի դիմացի մայթին, որտեղ նախառեռնության անդամները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ՀԾԿՀ-ի հրաժարականը:
25 ստորագրություններով նամակը ակցիայի մասնակիցները հանձնել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնին, նույնաբովանդակ 2 նամակներ էլ ուղարկվելու են ՀՀ վարչապետին և ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
«Դիմել ենք ՄԻՊ գրասենյակ, այս պահին 3 հոգի բանակցում են, դեռևս արդյունք չենք ստացել ու չենք էլ ակնկալում, հիմա եկել են երկրի նախագահի մոտ՝ մեր բողոքն արտահայտելու: Հետագա անելիքներ մասին դեռ մտածելու են, բայց որ պայքարը շարունակվելու է՝ միանշանակ է», – մեր թղթակցին ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Ավելի ուշ «Եկեք կանխենք գազի սակագինը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնության ակտիվիստները վաղվանից անժամկետ են նստացույց են սկսելու նախագահական նստավայրի դիմացի մայթին: