1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը «իր նմանների հետ» խաբեությամբ առևանգել, ապա նաև գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգել է ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լեռմենտ Սարգսյանին և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Այս մասին Հարությունյանը պատմել է Aravot.am-ի հետ զրույցում:
«Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում և սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո և ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ եւ բացատրություններ, բայց անցած ավելի քան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սուրիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- պատմել է Սամվել Հարությունյանը:
Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Սուրիկ Խաչատրյանի մտադրությամբ. «Մեր ամբողջ կարողականությամբ փորձում էինք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և մեր կյանքը վտանգելով` հակահարվածներ հասցնել ադրբեջանական գրոհայիններին, որոնք այդ ընթացքում գրոհում էին սահմանամերձ բնակավայրերի վրա: Ըստ ամենայնի, նրանց դուր չէր գալիս դա: Քանի որ օրեր հետո, պետք է տեղի ունենային Գորիսի քաղաքային և շրջանայաին խորհդի պատգամավորների ընտրություններ, թե ես թե ընկերս պատգամավորի թեկնածուներ էինք: Նրանց նպատակն էր` վերջ դնել մեր հեղինակության աճին: Մենք մարտական լուրջ ջոկատ ունեինք, և ըստ ամենայնի, այդ ջոկատի գոյությունն ու մեր հեղինակությունը խանգարում էր նրանց»:
Հարությունյանի խոսքով՝ 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է և երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, և Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատվում և հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»:
Պարոն Հարությունյանի խոսքով՝ 1999-ի մայիսին` ԱԺ ընտրություններից օրեր առաջ, իրեն` որպես պատգամավորի թեկնածու, և ՊՆ ներկայիս գեներալներից մեկին ներկայացել է Ա. Մ.-ն՝ ամուսնու հետ, և փորձել ցույց տալ իր պատառոտված որովայնը, իսկ իրենք նրան հորդորել են դիմել իրավապահներին. «Համոզում ենք դիմել իրավապահներին, հայտարարությամբ հանդես գալ, նրանց ներկայացնել համապատասխան ապացույցներ: Ըստ ամենայնի, Ա. Մ.-ն մինչ օրս վախեցել է դիմել իրավապահներին»:
Հարությունյանը պատմել է նաև, որ Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով ծանր վիրավորել է երիտասարդ Անուշավան Առուշանյանին. «Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց եւ կրակում են ռենտգենի կաբինետում, եւ այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Հարցին, թե ի՞նչ պատճառով է կրակել երիտասարդի վրա, պարոն Հարությունյանը դժվարացավ պատճառը նշել. «Չգիտեմ` ինչու է կրակել: Իր համար արյուն թափելը հոբբի է»: Aravot.am-ը փորձել է զրուցել նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նա ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր:
Տեսանյութը՝ Aravot.am-ի