Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այս մասին ասված է Արարատյան թեմի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և նրա սանիկ Աշոտ Սուքիասյանի անունով գրանցված ընկերության մասին գրել էր hetq.am կայքը:
«Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով», – ասված է Թեմի հայտարարության մեջ:
Արարատյան թեմը հավելում է, որ Նավասարդ Կճոյանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար:
«Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ», – եզրափակում են հայտարարության հեղինակները: