«Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները պատրաստ են «տեռորիստ դառնալ», եթե կառավարությունը խոստացած ժամկետում չլուծի իրենց բնակարանների խնդիրները: Այս մասին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ զրույցում ասել են Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները, ովքեր հերթական բողոքի ակցիան են ացկացրել Կառավարության շենքի մոտ:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ 2006 թվականի հոկտեմբերից պայմանագրեր են կապել ընկերության հետ և գումարներ վճարել: Համաձայն պայմանագրի՝ «Տոնուսը» պետք է 2008 թվականին ավարտին հասցներ շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները: Նշենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:
«Մենք կանենք վերջին քայլը ու կգնանք՝ կնստենք: Մենք մեր կյանքից ձեռ ենք քաշել: Ոչ մի բանից չենք վախենում, մեզ կվառենք, կփշրենք, ամեն ինչ կանենք, ամոթ ա , չէ՞», – ասել է բնակարանատեր Էմմա Ղազարյանը, ինչին Ղազարյանն արձագանքել է՝ «չէ, չէ, սպասեք, տունը կստանաք, կգամ ձեզ հյուր»:
Ակցիայի մասնակիցները Epress.am-ին պատմել են, թե կառավարությունից խոստացել են առանց հետաձգելու լուծել իրենց բնակարանների խնդիրները:
«Մեզ ասել են՝ շատ խելոք եղեք, դուք ձեր բնակարանները անպայման կստանաք, ոչ մի հետաձգում, խաբել չկա, մենք էլ հավատում ենք ու մեծ հույսերով սպասում», -ասել է Ղազարյանը:
Խաբված բնակարանատեր Ռուզաննա Սարգսյանը, ով կառավարության մոտ էր եկել 2 անչափահաս դուստրերի հետ, մեր թղթակցին ասել է, թե կհավատա միայն այն դեպքում, երբ իր գնածը իրեն վերադարձնեն:
«Ես չեմ հավատում, 6 ամիս ա խաբում են, ամեն երկուշաբթի ասում են՝ գնացեք, մյուս երկուշաբթի եկեք: Չունեմ հավատ, ամեն շաբաթ գալիս-հավատում-գնում եմ, բայց ես իմ կարծիքն ունեմ», – ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Ղազարյանը ակցիայի մասնակիցներին հորդորել է հնարավորինս շուտ ներկայացնել փաստաթղթերը, քանի որ «կառավարությունը բնակիչներից առավել շահագրգռված է լուծում տալ խնդրին»: